«Ականատեսը» Ստեփանավանում բարեգործության արգելքի հնարավոր խախտումներ է արձանագրել

«Ականատես» դիտորդական առաքելությունը Ստեփանավան խոշորացվող համայնքում բարեգործության արգելքի հնարավոր խախտման դեպքեր է արձանագրել «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունների կողմից։
Հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների դիտարկման ընթացքում առաքելությունը տեղեկություններ է ստացել, որ հոկտեմբերի 5-ին Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը Ուսուցչի օրվա առթիվ մանկավարժներին ծաղիկներ է նվիրել և հյուրասիրություն կազմակերպել
Առաքելության փոխանցմամբ՝ Ուսուցչի օրվա առթիվ Լոռի Բերդի և Գյուլագարակի դպրոցներում ևս ծաղիկներ, քաղցրավենիք և ըմպելիքներ են տրամադրվել Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանի նախաձեռնությամբ։
«Ականատեսը» տարբեր դպրոցներից նվերների տրամադրման հաստատումներ է ստացել։ Լոռի Բերդի դպրոցներից մեկի աշխատակիցները, սակայն, հայտնել են, որ նախկինում նման նախաձեռնություն չի եղել։
Ստեփանավանի համայնքապետ Արմեն Գրիգորյանը գլխավորում է «Գործարար» կուսակցության ընտրական ցուցակը, իսկ Լոռի Բերդի համայնքապետ Արայիկ Ներսիսյանը՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։
«Ականատեսի» գնահատմամբ՝ ներկայացված դեպքերում առկա են բարեգործության արգելքի հնարավոր խախտման հատկանիշներ, որոնք իրավասու մարմինների ուսումնասիրության և իրավական գնահատականի կարիք ունեն։
Ընտրական օրենսգիրքն արգելում է նախընտրական քարոզչության ընթացքում, քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուների ու ընտրություններին մասնակցող կուսակցությունների կողմից ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով գումար, սննդամթերք, ապրանքներ կամ ծառայություններ տրամադրելն ու խոստանալը։
Հոկտեմբերի 25-ին ՏԻՄ ընտրություններ կանցկացվեն Հայաստանի 21 համայնքում, 19-ում համամասնական ընտրակարգով, 2-ում՝ մեծամասնական։