Կվերականգնվեն 2024 թվականի հեղեղումներից վնասված Վանաձոր–Ալավերդի–Բագրատաշեն ավտոճանապարհի հատվածները

· Վանաձոր

Կվերականգնվեն 2024 թվականի հեղեղումներից վնասված Վանաձոր–Ալավերդի–Բագրատաշեն ավտոճանապարհի հատվածները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած Հանրային ներդրումային կոմիտեի նիստում հաստատվել են մի շարք ենթակառուցվածքային ծրագրեր։

Նախատեսվում է Դիլիջանի գործող թունելին զուգահեռ կառուցել 2365 մետր երկարությամբ նոր թունել, իսկ գործողը վերածել տարհանման թունելի։ Կհիմնանորոգվի նաև Պուշկինի թունելը, կվերականգնվեն 2024 թվականի հեղեղումներից վնասված Վանաձոր–Ալավերդի–Բագրատաշեն ավտոճանապարհի հատվածները։ Քննարկվել և հաստատվել են նաև Հեր-Հերի ջրամբարի ջրով Վայոց ձորի 12 բնակավայրերի ոռոգման, Երևանի հրշեջ-փրկարարական ծառայության տեխնիկական վերազինման և Հայաստանի տարածական տվյալների թվային համակարգի զարգացման ծրագրերը։

Կառավարության հաղորդագրությունը՝ ստորև․

«Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հանրային ներդրումային կոմիտեի 9–րդ նիստը։ Օրակարգի շրջանակում ներկայացվել են «Հեր-Հերի ջրամբարի ջուրը հետմղման մեթոդով օգտագործելու հնարավորության վերաբերյալ» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը, «Դիմակայուն և ներառական ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր-2»-ի շրջանակում «Մ-6 Վանաձոր (Մ3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) ավտոճանապարհի հետաղետային վերականգնում», «Դիլիջանի նոր թունելի կառուցում», «Պուշկինի թունելի հիմնանորոգում և արդիականացում» հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը, «Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կարողությունների հզորացում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանը ներկայացրել է «Հեր-Հերի ջրամբարի ջուրը հետմղման մեթոդով օգտագործելու հնարավորության վերաբերյալ» նախագիծը:

Ներկայացվել է, որ նախագիծն իրականացվելու է Վայոց ձորի մարզի 12 բնակավայրեր ոռոգման ջրի ապահովման նպատակով։ Զեկուցվել է, որ Հեր-Հերի ջրամբարից կառուցվող ջրագծի իշխման տակ ընկած հողատարածքները կարող են կազմել շուրջ 2440 հա և ընդգրկված են Հեր-Հեր, Վայք, Մալիշկա, Զեդեա, Ագարակաձոր, Եղեգնաձոր, Գետափ, Արփի, Աղավնաձոր, Ռինդ, Արենի և Չիվա բնակավայրերը։ Հեր-Հերի ջրամբարում տարեկան կուտակվող 26 մլն մ³ ջուրը ջրատարի կառուցմամբ հնարավոր կլինի արդյունավետ օգտագործել, ավելացնել ոռոգելի հողատարածքները, ապահովել ոռոգման ջրի կայուն մատակարարում, լրացուցիչ 10-13 մլն խմ ջրի հոսք ապահովել Սևանա լիճ և այլն։

Կոմիտեի անդամները քննարկել են ծրագրի իրականացմամբ տնտեսական, սոցիալական և ջրային անվտանգության խնդիրների լուծման հնարավորությունները, ընդգծվել է նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրության իրականացման անհրաժեշտությունը, որը հնարավորություն կտա առավել հստակ գնահատել էներգետիկ հնարավորությունները: Օրակարգի հաջորդ հարցը զեկուցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը: Ներկայացվել է «Դիմակայուն և ներառական ճանապարհային ցանցի բարելավման ծրագիր-2»-ի շրջանակում «Մ-6 Վանաձոր (Մ3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) ավտոճանապարհի հետաղետային վերականգնում», «Դիլիջանի նոր թունելի կառուցում», «Պուշկինի թունելի հիմնանորոգում և արդիականացում» հանրային ներդրումային ծրագրերի նախագծերը:

Նախ ներկայացվել է «Մ-6 Վանաձոր (Մ3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) ավտոճանապարհի հետաղետային վերականգնում» ծրագրի նախագիծը: Նշվել է, որ նախատեսվում է վերականգնել և բարելավել 2024թ. մայիսին տեղի ունեցած հեղեղումներից տուժած Մ-6 Վանաձոր (Մ3 հատման կետ)-Ալավերդի-ՀՀ սահման (Բագրատաշեն) միջպետական նշանակության ավտոճանապարհի հատվածները։

Նախատեսվում է վերականգնել վնասված ճանապարհահատվածները, բարձրացնել Դեբեդ գետի հետագա հնարավոր վարարումների նկատմամբ խոցելի հատվածների դիմակայունությունը՝ ափապաշտպան միջոցառումների և հենապատերի կառուցման միջոցով, ինչպես նաև իրականացնել քարաթափման դեմ պաշտպանիչ միջոցառումներ։ Քննարկման արդյունքում ընդգծվել է անվտանգ և կլիմայական ռիսկերին դիմակայուն տրանսպորտային ենթակառուցվածք ունենալու կարևորությունը, որը կնպաստի ճանապարհային անվտանգությանը, տրանսպորտային համակարգերի անխափան ու անվտանգ գործունեությանը, տնտեսական արդյունավետությանը, համայնքների հասանելիությանը և այլն: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալը զեկուցել է նաև «Դիլիջանի նոր թունելի կառուցում» ծրագրի վերաբերյալ: Նշվել է, որ նախատեսվում է Դիլիջանի գոյություն ունեցող թունելին զուգահեռ, մոտ 50 մ դեպի ձախ կառուցել 2-րդ տեխնիկական կարգի ճանապարհին և Անդրեվրոպական ճանապարհային ցանցի թունելներում անվտանգության նվազագույն պահանջների վերաբերյալ ԵՄ 2004/54/EC հրահանգին համապատասխանող, ժամանակակից ինժեներական, անվտանգային և ավտոմատ կառավարման համակարգերով հագեցած՝ 2365 մ երկարությամբ նոր թունել՝ գործող թունելը վերափոխելով տարհանման թունելի։

Տարհանման թունելը յուրաքանչյուր 500 մ-ում կապված կլինի նոր թունելի հետ, ինչը թույլ կտա արտակարգ իրավիճակներում արագ կազմակերպել երթևեկության մասնակիցների տարհանումը։ Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ նախագծի իրականացումը կնպաստի ժամանակակից, անարգել և կայուն տրանսպորտային ենթակառուցվածքի ստեղծմանը և կծառայի մարդկանց, տնտեսական զարգացմանը և շրջակա միջավայրին:

Ընդգծվել է, որ ժամանակակից թունելային համալիրի կառուցումը կնպաստի նաև արտակարգ իրավիճակների արդյունավետ կառավարմանը, անխափան և հուսալի երթևեկության ապահովմանը, զբոսաշրջության, բեռնափոխադրումների և տնտեսական ակտիվության զարգացմանը: Քրիստինե Ղալեչյանը մանրամասներ է ներկայացրել նաև «Պուշկինի թունելի հիմնանորոգում և արդիականացում» ծրագրի նախագծի վերաբերյալ: Նշվել է, որ նախատեսվում է իրականացնել թունելի կառուցվածքային տարրերի վերականգնում և արդիականացում, ինժեներական համակարգերի բարելավում, ինչպես նաև ճանապարհային և հրդեհային անվտանգության ժամանակակից լուծումների ներդրում։ Ծրագրի իրականացումը կնպաստի երթևեկության անվտանգության և անխափանության բարձրացմանը, տրանսպորտային կապերի հուսալիության բարելավմանը և թունելի համապատասխանեցմանը ժամանակակից անվտանգության պահանջներին։

Ծավալվել է մտքերի փոխանակություն, կոմիտեի անդամները կարևորել են թունելի և դրա տեխնիկական համակարգերի արդիականացմանը, երթևեկության անվտանգ կազմակերպմանը և արտակարգ իրավիճակներին արձագանքման բարելավված պայմաններ ունենալուն ուղղված աշխատանքները: Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը ներկայացրել է «Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության կարողությունների հզորացում» հանրային ներդրումային ծրագրի նախագիծը: Զեկուցվել է, որ Փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներում շահագործվող հրշեջ տեխնիկան 2010 թվականից ի վեր չի թարմացվել։ Ներկայումս շահագործման մեջ գտնվող հրշեջ տեխնիկան թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես մաշված է ու հաճախակի խափանվում է։

Վերջին տարիներին Երևան քաղաքում և նրա շրջակայքում կառուցվում են բազմաթիվ բարձրահարկ բնակելի և հասարակական շենքեր, ինչպես նաև առկա են վտանգավոր արդյունաբերական ու կարևորագույն կենսաապահովման օբյեկտներ, որոնց հրդեհաշիջման աշխատանքների արդյունավետ կազմակերպման համար անհրաժեշտ է առնվազն 35 և ավելի մետր թռիչքով ավտոսանդուղքներ։

Նիստում քննարկվել են ծրագրի ընթացքի հետ կապված հարցեր, անդրադարձ է կատարվել տարբեր ձևաչափերով այն իրականացնելու հնարավորություններին: Օրակարգի շրջանակում Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության ազգային տարածական տվյալների ենթակառուցվածք» ներդրումային ծրագրի նախագիծը: Զեկուցվել է, որ ծրագիրը նախատեսում է Հայաստանի Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) ստեղծումն ու զարգացումը՝ որպես երկրի թվային փոխակերպման առանցքային տարր։ Այն ներառում է միասնական գեոդեզիական հղումների համակարգ, երկրի ամբողջ տարածքի օդային լուսանկարահանում և LiDAR քարտեզագրում, քաղաքների բարձր լուծաչափով 3D մոդելներ, ճանապարհների շարժական քարտեզագրում, ջրային գոտիների բաթիմետրիկ հետազոտություններ, կադաստրային տվյալների ստանդարտացում, թեմատիկ տվյալների հավաքածուներ և թվային ծառայություններ, ինչպես նաև տեղեկատվական անվտանգության հուսալի ենթակառուցվածքով ապահովված Ազգային գեոպորտալի արդիականացում։

Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ծրագրի նպատակներին, ընդգծվել ինտեգրված տեղեկատվության կարևորությունը ռազմավարական պլանավորման և կանխատեսման, որոշումների կայացման, կառավարման, գործառնական արդյունավետության հարցերում: Վերոնշյալ նախագծերը քննարկումների արդյունքում հաստատվել են:

Ամփոփելով նիստը՝ վարչապետը կարևորել է հանրային ներդրումային ծրագրերի արդյունավետ կառավարումն ու իրականացումը, որոնք նպաստում են տնտեսական ակտիվությանը, միջոցների նպատակային բաշխմանը, ենթակառուցվածքների զարգացմանը, երկարաժամկետ արդյունավետությանը և այլն»: