Հակաժողովրդավարական է. «Ուժեղ Հայաստանը»` համայնքապետի թեկնածուի կալանավորման մասին

ՏԻՄ ընտրություններից օրեր առաջ Ստեփանավանում «Ուժեղ Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանին կալանավորելը հերթական հակաժողովրդավարական միջամտությունն է։ Այս մասին ասված է կուսակցության հայտարարությունում։
Հոկտեմբերի 21-ին հայտնի դարձավ, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության` Ստեփանավանի գրասենյակում անցկացված խուզարկությունների արդյունքում 14 անձ է ձերբակալվել։ Հաջորդ օրը ՀՀ հակակոռոպցիոն կոմիտեն հայտնեց, որ նրանցից 10-ի նկատմամբ խափանման միջոցներ են կիրառվել կալանքն ու տնային կալանքը։ Կալանավորվածների թվում է Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանը։
«Այս իրավիճակը մատնացույց է անում ՔՊ–ական իշխանության վախերը։ Ուշագրավ է, որ նման գործողություններով հերթական անգամ խախտվել են խորհրդարանական ընտրությունների հետ կապված Սահմանադրական դատարանի 2026 թվականի հուլիսի 4-ի որոշման պահանջները, ըստ որոնց հանրային իշխանության ներկայացուցիչների կողմից անմեղության կանխավարկածի անտեսմամբ իրականացված գործողություններն ու հայտարարություններն անթույլատրելի են հատկապես ընտրությունների և դրան նախորդող ժամանակահատվածում»,– ասված է հայտարարությունում:
Ըստ կուսակցության` նման գործողությունները և հայտարարությունները խաթարում են ազատ և արդար ընտրությունների սահմանադրական երաշխիքները, իսկ լուսաբանման եղանակներն ազդում են ընտրողի կամքի վրա։
Քաղաքական ուժը խիստ մտահոգիչ և հակաժողովրդավարական է համարում նաև Ստեփանավանի գրասենյակում իրականացված խուզարկությունը, որտեղ քննարկվել են քարոզարշավի ռազմավարական և մարտավարական բնույթի բազմաթիվ հարցեր:
«Նման օպերատիվ հետախուզական ﬕջոցառման իրականացումը պետք է ունենար անհրաժեշտության շատ բարձր մակարդակ, ինչը տվյալ դեպքում բացակայում է: Հիշեցնենք, որ արձանագրվել են դեպքեր, երբ իրավապահների գաղտնի տեսանյութը կամ դրա բովանդակությունն իշխանաﬔրձ լրատվական կայքերում հայտնվել է ավելի վաղ, քան համապատասխան քննչական մարﬓի կայքում կամ սոցիալական ցանցի էջում: Դրանից ողջամտորեն կարելի է ենթադրել, որ հիշատակված օպերատիվ–հետախուզական ﬕջոցառման արդյունքները նախքան 2026 թվականի հոկտեմբերի 21-ի հանրայնացումը հասանելի են եղել իշխանական ուժի ներկայացուցիչներին, ինչով խաթարվել է նախընտրական քարոզարշավի ամբողջ էությունը»,– ասված է հայտարարությունում։
Կուսակցությունը միաժամանակ անընդունելի է համարել ցանկացած միջամտություն ընտրություններին` վարչական ռեսուրսի չարաշահում, սելեկտիվ հետապնդում, երկակի ստանդարտներ, հովանավորչություն, անմեղության կանխավարկածի նսեմացում, ընտրակաշառք
Հիշեցնենք` Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը), «Ուժեղ Հայաստան» (ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը) և «Հանրապետություն» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը)։