Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

· Վանաձոր

Արտակարգ դեպք՝ Լոռիում․ Վանաձորում հրդեհ է բռնկվել Նաիրի փողոցի բնակարաններից մեկում․ կա վիրավոր

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12։10-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Նաիրի փողոցի շենքերից մեկում բնակարան է այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր է մեկնել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ՝ մարզային փրկարարական վարչության պետ Սերոբ Գաբրիելյանի և ջոկատի հրամանատար Ղարաքեշիշյանի գլխավորությամբ։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են Նաիրի փողոցի 1/43 հասցեում բռնկված հրդեհի տարածումը, ապա մարել այն։ Փրկարարները տան տիրուհուն՝ 60-ամյա Գայանե Ս․-ին, ով ծխահարված է եղել, մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային։

Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա» և «Տրանսգազ» ընկերությունների աշխատակիցները, ովքեր հոսանքազրկել են բնակարանը։

Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն։

Ըստ նախնական տեղեկությունների՝ հրդեհը բռնկվել է խոհանոցում գտնվող գազօջախից։