ՀՔԱՎ-ը դիմել է ՄԻԵԴ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը վերականգնելու համար

· Վանաձոր

ՀՔԱՎ-ը դիմել է ՄԻԵԴ ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքը վերականգնելու համար

Տեղեկացնում ենք, որ «Անկախ դիտորդ» դաշինքի ահազանգից հետո հաջողվել է գտնել այն ընտրողներին, որոնց քվեն անտեսվել էր Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ։

Ավելի վաղ հայտարարել էինք, որ փնտրում ենք Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ Երևան քաղաքի Նուբարաշեն վարչական շրջանի 10/51, Արտաշատ համայնքի Աբովյան գյուղի 12/13 և Մեղրի համայնքի Ագարակ քաղաքի 35/65 տեղամասերի ընտրողներին, որոնք գտնում են, որ իրենց տեղամասերի արդյունքների չեղարկման և վերաքվեարկության չնշանակման հետևանքով խախտվել են իրենց ընտրական իրավունքները։ Անկախ դիտորդ դաշինքի անդամ «Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ» իրավապաշտպան կազմակերպությունը ստանձնել է այս քաղաքացիների շահերի պաշտպանությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ):

Դիմումը ներկայացվել է 3 քաղաքացիների անունից։

Մարդու իրավունքների եվրոպական դատարան ներկայացված դիմումի առանցքում այն հանգամանքն է, որ նշված տեղամասերի արդյունքների չեղարկումը էական ազդեցություն է ունեցել ընտրությունների արդյունքների վրա, ուստի վերաքվեարկություն չնշանակելը խախտել է ընտրողների իրավունքները։

Ընտրական իրավունքը ոչ միայն ընտրությունների օրը քվեարկելու հնարավորությունն է, այլ տեսնելը, թե ինչպես է այդ քվեն ազդում ընտրվող մարմնի կազմավորման վրա։ Իշխանությունների ձևավորմանը մասնակցելու իրավունքը ժողովրդավարության առանցքային արժեքներից է։

Ոչ մի քվե չպետք է անտեսվի, և յուրաքանչյուր ընտրողի ձայն պետք է պաշտպանված լինի՝ համաձայն ՀՀ Սահմանադրության և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի։

Շնորհակալություն ենք հայտնում բոլոր այն քաղաքացիներին, ովքեր արձագանքեցին մեր կոչին և պատրաստակամություն հայտնեցին պաշտպանել իրենց սահմանադրական իրավունքը։ Մեր թիմը հանրությանը կտեղեկացնի գործի ընթացքի մասին։

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ