Իշխանությունը վախեցավ սպասվող պարտությունից. Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանավանի դեպքերի մասին

· Լոռու Մարզ

Իշխանությունը վախեցավ սպասվող պարտությունից. Տիգրան Աբրահամյանը՝ Ստեփանավանի դեպքերի մասին

ՀՀ իշխանությունը հասկացել է, որ պարտվում է գալիք ընտրություններում և ստիպված եղավ նման քալերի դիմել։ Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում այս հայտարարությունն արեց ՀՀ ԱԺ«Ուժեղ Հայաստան» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը՝ խոսելով Ստեփանավանի համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի և կուսակցության համակիրների ձերբակալության մասին։

Նշենք, որ այս պահին դատարանում քննվում է համայնքապետի թեկնածու Արսեն Գևորգյանի և մի քանի այլ համակիրների կալանքի միջնորդությունները։

«Եթե շտաբ է, պետք է աշխատի, որոշակի ծախսեր էլ լինեն, բայց դա չի նշանակում իրենց ասած ընտրակաշառքը»,- նշեց Աբրահամյանը՝ անդրադառնալով Հակակոռուպցիոն կոմիտեի տարածած հաղորդագրությանն ու ձայնագրությանը, ըստ որի՝ խմբի կազմում ընտրակաշառք տալու, դրան օժանդակելու, ինչպես նաև ընտրակաշառք ստանալու մեղադրանքներով ձերբակալվել է 14 անձ։

Աբրահամյանի խոսքով՝ եթե նախկինում հետապնդումը սկսվում էր ընտրություններից հետո, ինչպես Մամիկոն Ասլանյանի դեպքում եղավ, հիմա դրան չեն էլ սպասում և փորձում են վտանգն այս գլխից կանխել։

Միաժամանակ Աբրահամյանը նշեց, որ պայքարը շարունակելու են։ Ըստ նրա՝ իշխանությունները հասկանում են՝ եթե պարտվեն Ստեփանավանում, ապա նաև մյուս համայնքներում դա կա կլինի։

Պատգամավորի դիտարկմամբ՝ իշխանությունների կողմից ընտրախախտումներն այնքան շատ են, որ անգամ այն գործիչները, որոնք ժամանակին պաշտպանում էին իշխանությանը, չեն կարողանում լռել տեղի ունեցողի մասին։

Հիշեցնենք, որ Լոռու մարզի Ստեփանավան խոշորացված համայնքի ավագանու ընտրությունները նշանակված են հոկտեմբերի 25-ին: Ընտրություններն անցկացվելու են համամասնական ընտրակարգով, մասնակցում են չորս քաղաքական ուժեր՝ «Գործարար» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Ստեփանավանի գործող համայնքապետ Արմեն Գրիգորյանը), «Քաղաքացիական պայմանագիր» (ցուցակը գլխավորում է Լոռի Բերդ խոշորացված համայնքի նախկին ղեկավար Արայիկ Ներսիսյանը), «Ուժեղ Հայաստան» (ցուցակը գլխավորում է Արսեն Գևորգյանը) և «Հանրապետություն» կուսակցություն (ցուցակը գլխավորում է Արտակ Ալեքսանյանը):