«Քվեարկեք այդ ՔՊ-ական թեկնածուի դեմ»․ Փաշինյանը՝ ՏԻՄ ընտրություններում ճնշումների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՏԻՄ ընտրություններում ապօրինի ճնշումների ենթարկված թեկնածուներին և ընտրողներին կոչ է արել անձամբ իրեն հայտնել նման դեպքերի մասին՝ խոստանալով տեղեկությունների հաստատման դեպքում հրապարակայնորեն պատժել դրանց համար պատասխանատու պաշտոնյաներին։
«Հրապարակային պարտավորվում եմ. ասվածը հիմնավորվելու դեպքում նման գործողության հեղինակ ցանկացած պաշտոնյա հրապարակային կպատժվի»,- գրել է Փաշինյանը նախօրեին Facebook-յան իր էջում։
Այսօր նա հայտնել է, որ այդ թեմայի վերաբերյալ երեք նամակ է ստացել։
«Մեկը «Ուժեղ Հայաստան» պատգամավորներից մեկն իր հրապարակային ելույթի լինքն է ուղարկել, որտեղ ինչ-որ ահազանգերի մասին է ասում, որ մարդկանց քաղաքական դրդապատճառներով ազատել են աշխատանքից։ Այդ մասով տեսչական մարմնին հանձնարարվել է, որ շտապ կարգով ստուգի և կարծիք տա։
Հաջորդը մի տեսանյութ էր, որտեղ մի երեխա ելույթ էր ունենում քարոզչական,ընդ որում՝ չէր կարդում, անգիր չէր ասում, այլ ելույթ էր, ուղարկել եմ Հակակոռուպցիոն կոմիտե, և մի նամակ, որտեղ հեղինակը որպես աջակից ասում էր , որ աջակցում է իմ վարած քաղաքականությանը, բայց կարծում էր, որ համայնքի ղեկավարի վատ թեկնածու ենք առաջադրել։ Այս պահի դրությամբ այս 3 նամակն եմ ստացել»,- ասել է Փաշինյանը հրապարակած տեսանյութում։
Վարչապետը Հայաստանի բոլոր ընտրողներին կոչ է արել գնալ ընտրությունների։
«Կոչ եմ անում քվեարկել վարչական լծակներ, սպառնալիքներ, խծբ ճնշումներ, աշխատանքից ազատելու սպառնալիքներ կամ աշխատանքի ընդունելու խոստումներ գործածող, ընտրակաշառքներ բաժանող կամ խոստացող թեկնածուների և քաղաքական ուժերի դեմ։ Եթե նման վարքագծով հանդես է գալիս որևէ ՔՊ–ական թեկնածու, կոչ եմ անում քվեարկել այդ ՔՊ–ական թեկնածուի դեմ», – գրել է Փաշինյանը՝ կրկին հորդորելով նման բոլոր դեպքերի մասին դիմել իրեն կամ իրավապահ մարմիններին։
ՏԻՄ ընտրությունների մասին
Հայաստանում հոկտեմբերի 25-ին 10 մարզերի 21 համայնքներում կանցկացվեն տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ։ Ընտրությունները մասնավորապես կանցկացվեն հետևյալ համայնքներում՝ Արարատի մարզ՝ Արտաշատ, Արմավիրի մարզ՝ Արաքս, Արմավիր, Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Մարտունի, Վարդենիս, Լոռու մարզ՝ Ստեփանավան, Ֆիոլետովո, Կոտայքի մարզ՝ Գառնի, Ծաղկաձոր, Հրազդան, Շիրակի մարզ՝ Ախուրյան, Արթիկ, Սյունիքի մարզ՝ Գորիս, Մեղրի, Վայոց Ձորի մարզ՝ Եղեգնաձոր, Ջերմուկ, Վայք, Տավուշի մարզ՝ Դիլիջան, Իջևան, Արագածոտնի մարզ՝ Շամիրամ։