Նախընտրական «գործուղումներ» Ստեփանավան․ քաղաքական գործիչները կհեռանան, հետևանքները կմնան

· Ստեփանավան

Նախընտրական «գործուղումներ» Ստեփանավան․ քաղաքական գործիչները կհեռանան, հետևանքները կմնան

Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին նախատեսված ՏԻՄ ընտրություններին ընդառաջ նախընտրական պայքարը թեժանում է։ Հատկապես նկատելի է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչների ակտիվ ներգրավվածությունը, որոնք Երևանից ժամանում են Ստեփանավան՝ աջակցելու իրենց կուսակցության թեկնածուին։

Քարոզարշավի ընթացքում հնչող քաղաքական հայտարարություններն ու սրվող հռետորաբանությունը, սակայն, հարցեր են առաջացնում համայնքի ներսում հնարավոր լարվածության և դրա հետևանքների վերաբերյալ։

Երևանից ժամանած քաղաքական գործիչների համար սա հերթական ընտրարշավն է, իսկ ստեփանավանցիների համար՝ իրենց քաղաքի ապագայի հարցը։

Ուշագրավ է նաև այն, որ նախընտրական ելույթներին աջակցող և քաղաքական հակադրություններին մասնակցող տեղացիները, ի տարբերություն «գործուղված» կուսակցականների, ընտրություններից հետո շարունակելու են ապրել նույն քաղաքում՝ հանդիպելով նույն հարևաններին, գործընկերներին ու համաքաղաքացիներին։

Հոկտեմբերի 25-ից հետո քաղաքական գործիչները կվերադառնան Երևան, քարոզչական աղմուկը կմարի, սակայն այս օրերին հնչած խոսքերն ու ձևավորված հակասությունները կարող են երկար ժամանակ իրենց ազդեցությունը թողնել համայնքի ներսում։

Ընտրություններում հաղթանակը կարող է բաժին հասնել մեկ քաղաքական ուժի, մինչդեռ նախընտրական պայքարի հնարավոր բացասական հետևանքները կրելու է ամբողջ համայնքը։

Այս համատեքստում հարց է առաջանում՝ արդյո՞ք մի քանի օրվա քաղաքական առավելությունն արժե այն հասարակական լարվածությունը, որը կարող է պահպանվել ընտրություններից հետո։