Դռները բացվում են. Նարեկ Կարապետյանը՝ Ստեփանավանի զարգացման մասին

· Ստեփանավան

Դռները բացվում են. Նարեկ Կարապետյանը՝ Ստեփանավանի զարգացման մասին

Խորհրդարանական ընտրություններից հետո Ստեփանավանի կազմի մեջ մտնող Գյուլագարակ համայնքի գլխավոր հյուրանոցը դեռ չի գործում։ Դրա հետևանքով տարածաշրջանում նվազել է տուրիստական հոսքը։ Ստեփանավանում այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը։

Հիշեցնենք, որ Ստեփանավանում հոկտեմբերի 25-ին նշանակված են ՏԻՄ ընտրություններ։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն այստեղ համայնքապետի թեկնածու է առաջադրել Արսեն Գևորգյանին։

Քարոզարշավի ընթացքում Նարեկ Կարապետյանը թեկնածուի հետ եղել է խոշորոցված Ստեփանավանի կազմի մեջ մտնող գյուղերում, զրուցել գյուղացիների հետ. «Նրանք առավել շատ դժգոհել են գործազրկությունից։ Առավել բարվոք է վիճակը Գյուլագարակում, քանի որ այստեղ տուրիստական հոսք է նկատվում։ Սակայն, ընտրություններից հետո, հյուրանոցի փակումը բացասաբար է անդրադարձել նաև այս համայնքի վրա»։

«Գլխավոր հյուրանոցը փակում են, ողջ տարածաշրջանի տուրիզմը նվազում է, նրանք դրանով հաղթանակ են տանում ինչ-որ մեկի դեմ։ Չի կարելի այդ մոտեցումը, դա վնասաբեր է առանց այդ էլ աղքատ տարածաշրջանի համար։ Բոլոր տեղերում մեզ մի բան են ասել՝ աշխատատեղ»,-ասաց Ն. Կարապետյանը։

Նա ունիկալ է համարում Ստեփանավանի տարածաշրջանը թե գյուղատնտեսական, թե տուրիստական, թե էկոլոգիական առումներով։

«Դռները բացվում են, մենք ունենք մի քանի ծրագրեր, որոնք կարող ենք այստեղ իրականացնել»,-ասաց Կարապետյանը։

Պատասխանելով Լոռու մարզկենտրոն Վանաձորի մասին հարցին՝ Կարապետյանն ասաց, որ քաղաքի մակարդակի պահպանման համար, զբաղվածության խնդրի լուծման համար կառավարությունը պետք է մեծ ուշադրություն դարձնի։