Բազում պարգևների արժանացած Գուրգեն Մելիքյանի համար մեծ պարգև է հերոսածին մայրերի կողմից տրված հուշամեդալը

Արդեն 30 տարվա պատմություն ունեցող «Գուրգեն Մելիքյանի' Քաշաթաղի բազմազավակ ընտանիքներին հիմնադրամ»-ը (ԳՄՔԲԸՀ), բացի իր հիմնական առաքելությունից' աջակցել արցախցի բազմազավակ ընտանիքներին, իրականացրել ու շարունակում է նաև աջակցություններ այլ կառույցների, անհատների։ Քանի կար Արցախը, հիմնադրամը հիմնականում այնտեղ էր կատարում աջակցման ծրագրերը' հագուստով, սնունդով, կենցաղային տեխնիկաներով, խոշոր եղջերավոր անասունների հատկացումով, ֆինանսապես (առողջական խնդիրներ, ուսանողական վարձավճար և այլ նպատակներով) և այլն:
Բացի այդ, հիմնադրամը, հիմնադիր ու գործադիր տնօրեն, ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, իրանագետ, պրոֆեսոր, Արցախի ՊԲ գնդապետ Գուրգեն Մելիքյանի կազմակերպմամբ, կատարում էր մեկ այլոչ պակաս կարևոր նախաձեռնություն' ծառատունկ' տարին 4 և ավելի անգամ: Այդ ընթացքում, միայն Արցախի Քաշաթաղի շրջկենտրոն Բերձորում ու հարակից տարածքներում տնկվել էին հարյուրավոր ծառեր, ստեղծվել էին պուրակներ, ծառուղիներ' նվիրված Արցախյան գոյամարտի հերոսներին' Դուշման Վարդան, Թաթուլ Կրպեյան, Մոնթե Մելքոնյան, Լեոնիդ Ազգալդյան, մշակույթի գործիչներին' Ստեփան Ալաջաջյան, ուրիշներ, հիմնադրամի հովանավորներին, ԵՊՀ-ին և այլն:
2020 թ. սեպտեմբերի 27-ին սկսված կործանարար պատերազմից հետո էլ, երբ թշնամու տիրապետության տակ էր անցել Արցախի մեծ մասը, սակայն բաց էր Բերձորի միջանցքը, Գ. Մելիքյանը շարունակում էր նյութական աջակցությունն արդեն Բերձորի, Աղավնոյի, Ներքին Սուսի, Բերդաձորի, Լիսագորի բնակիչներին, Ստեփանակերտի Քերոլայն և Ջորջ Քոքսերի անվան «Արվեն» ծննդաբեր մայրերի կենտրոնին, Ասկերանի, Մարտունու շրջանների որոշ գյուղերի բնակիչներին, դպրոցներին և այլն:
Արցախի շրջափակումից ու բռնի հայաթափումից հետո հիմնադրամը շարունակում է աջակցությունն արդեն ՀՀ մարզերում ու մայրաքաղաքում:
«Արվեն» կենտրոնը հիմնադրվել է 1995 թվականին' Քերոլայն և Ջորջ Նաջարյանների կողմից։ Նրանք այսօր էլ շարունակում են իրենց օգնությունը ԳՄՔԲԸՀ-ի հետ։ Առ այսօր, կենտրոնի աջակցությամբ, ավելի քան 33 650 երեխայի մայրեր են օժանդակություն ստացել կենտրոնից։
ԳՄՔԲԸՀ-ն համագործակցում է նաև ռազմահայրենասիրական, մարզակրթամշակութային, ռազմամարզական հասարակական կազմակերպությունների հետ. հաճախ նաև աջակցություն է ցուցաբերում։
2026 թ. նման կառույցներից «Վահագն» ռազմահայրենասիրական բարեգործական հասարակական կազմակերպությունը Սևանա լճի ափին' Շողակաթ գյուղի մոտակա ափամերձ «Լոռի-Սևան» և «Խաղաղություն» հանգստյան տներում մի քանի անգամ կազմակերպեց Արցախյան բոլոր պատերազմների ժամանակ հաշմանդամ դարձած ազատամարտիկների, Հերոսածին մայրերի հանգիստ։ Սննդի հարցում «Վահագն»-ին աջակցեց ԳՄՔԲԸՀ-ն։

Սեպտեմբերի 29-ին «Վահագն» ՌՀԲՀԿ հիմնադիր-նախագահ Կարո Կարապետյանը, ՀԿ ներկայացուցիչներ Վազգեն Սիսիլյանը, Նորայր Միրզոյանը և «Հրադադար' մարդկային կորստի ցավ» ՀԿ նախագահ Աղավնի Ղուկասյանն այցելեցին ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետ և հանդիպեցին Գուրգեն Մելիքյանին և նրա ղեկավարությամբ գործող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամներին։ Եղավ քննարկում հետագա համագործակցության նպատակով։

Այնուհետև «Հրադադար' մարդկային կորստի ցավ» ՀԿ-ի նախագահ, հերոսածին մայր Աղավնի Ղուկասյանն իր ղեկավարած կառույցի կողմից հուշամեդալով պարգևատրեց ԳՄՔԲԸՀ գործադիր տնօրեն, պրոֆեսոր Գ․ Մելիքյանին, հոգաբարձուների խորհրդի անդամներ ու հովանավորներ, լոնդոնաբնակ Բագրատ Նազարյանին ու Թոնի Կահվեին։ Վերջիններս արժանացան նաև շնորհակալագրի' «Սպիտակ» կամավոր ազատամարտիկների միության ղեկավար Հայկ Եղիազարյանի անունից։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։