Ընդդիմությունը փորձելու է ներկայացված լինել խոշորացված համայնքների ավագանիներում․ թեժ հոկտեմբեր և նոյեմբեր

Սեպտեմբերի 27-ին մի շարք համայնքներում նշանակված ՏԻՄ ընտրություններն անցել են առանց թեժ պայքարի և, ըստ էության, ոչ մրցակցային պայմաններում։ Պատկերը նույնը չի լինի խոշորացված համայնքներում, որոնցում հոկտեմբերին և նոյեմբերին նախատեսված ընտրություններին ընդդիմադիր ուժերը պատրաստվում են ակտիվորեն մասնակցելու։ Ուշագրավ է, որ ընտրապայքարի մեջ այս անգամ մտնելու մտադրություն ունի նաև Հանրապետական կուսակցությունը։
Ընդդիմադիր ուժերը պատրաստվում են հոկտեմբերին և նոյեմբերին նախատեսված ՏԻՄ ընտրություններին ու քննարկում ինչպես դաշինքներով, այնպես էլ առանձին մասնակցու հնարավորությունը։ 2018-ի հեղափոխությունից հետո առաջին անգամ ընտրապայքարի մեջ է մտնում նաև Հանրապետական կուսակցությունը՝ հաստատում է գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովը։ Մարտունիում արդեն կողմնորոշվել են իրենց թեկնածուի հարցում, մնացածը կպարզաբանեն առաջիկայում․
«Մեր նպատակը ինքնանպատակ մի քանի մանդատ ունենալը չէ, մեր նպատակն է՝ որտեղ տեսնում ենք, որ շանսերը մեծ են, այնտեղ առաջադրվում ենք։ Որտեղ տեսնում ենք, որ մեր ընդդիմադիր գործընկերների շանսերը մեծ են, կպաշտպանենք նրանց կամ կօժանդակենք։ ՏԻՄ ընտրությունները շատ կարևոր են, պետք է օգտագործել Սահմանադրությամբ վերապահված բոլոր միջոցները։ Հանրապետական կուսակցության բոլոր տարածքային կառույցները այսօր աշխատանքային փուլում են»։
46 խոշոր և խոշորացված համայնքներում սեպտեմբերի, հոկտեմբերի և նոյեմբերի վերջին կիրակի օրերին ՏԻՄ ընտրություններ են։ Առաջին փուլն արդեն անցել է, և սեպտեմբերի ՏԻՄ ընտրություններում ընդդիմադիր ուժերից ոչ մեկը մրցակից չդարձավ առաջադրված թեկնածուներին։ Առանցքային քվեարկությունները, սակայն, դեռ առջևում են։ Խոսքը գրեթե բոլոր մարզկենտրոնների ղեկավարների ընտրության մասին է։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյան․
«Աշտարակ, Արտաշատ, Արմավիր, Գավառ, Վանաձոր, Հրազդան, Կապան, Եղեգնաձոր և Իջևան։ Ըստ էության, բացառությամբ Գյումրու, միայն Գյումրին է մարզկենտրոններից, որ տեղի չի ունենալու ընտրություններ, քանի որ արդեն տեղի են ունեցել։ Այսինքն` բոլոր մարզկենտրոններում»։
ՏԻՄ ընտրությունների հարցում սկզբնական փուլում խիստ մարտական էր տրամադրված «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը։ Նարեկ Կարապետյանը հայտարարում էր․
«Մենք պետք է կտրենք «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թևերը Հայաստանով մեկ, որպեսզի նրանք հնարավորություն չունենան ամեն գյուղում, ամեն քաղաքում ճնշման ենթարկել մեր հայրենակիցներին իրենց արդար որոշման համար»։
Ժողովրդի վստահությունն ընդլայնելու խոստում տված «Ուժեղ Հայաստան»-ը, սակայն, հոկտեմբերին կմասնակցի 19 համայնքներից ընդամենը մեկի՝ Ստեփանավանի ավագանու ընտրություններին:
Ի տարբերություն «Ուժեղ Հայաստան»-ի՝ «Ապրելու երկիր» կուսակցությունն ավելի ծավալուն ծրագրեր ունի։ Կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը թվարկում է այն բնակավայրերը, որոնցում փորձելու են ուժերը․
«Մեղրիում, Մարտունիում հոկտեմբերին, նոյեմբերին միանշանակ մասնակցելու ենք նաև Նոյեմբերյան համայնքում, որտեղ մենք ենք ղեկավարում և ունենք մեծ վստահություն, որ այս անգամ ավելի մեծ թվով ձայներ կստանանք։ Գորիսում ենք մասնակցելու նաև։ Տարբեր համայնքներում տարբեր որոշումներ կկայացնենք՝ կա՛մ դաշինքով մասնակցելու, կա՛մ եթե մի ուժը կմասնակցի, մյուս ուժը կաջակցի, կարող է՝ համատեղ»։
Գորիսի դեպքում գործելու է հենց այդ տարբերակը։ «Ապրելու երկիր»-ն ու «ՀայաՔվե»-ն հանդես կգան «Ապրելու քվե» դաշինքով։
Դաշինքային տրամաբանությամբ կառաջնորդվի նաև կառավարող ուժը՝ որդեգրելով նոր մարտավարություն։ Տարբեր համայնքներում ՔՊ–ն ընտրություններին մասնակցում է նույն՝ «Համերաշխություն» անվանմամբ դաշինքով։ Մտադիր են գործակցելու անգամ երբեմնի ընդդիմադիր գործիչների հետ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոստովանել է, որ քաղաքացիներն իրենց դիրքորոշմամբ են ստիպել կառավարող ուժին ընտրելու այս մարտավարությունը։ Գորիսի օրինակն է բերում, երբ համապետական ընտրություններում հաղթում էր ՔՊ-ն, իսկ ՏԻՄ ընտրություններում՝ ընդդիմադիր գործիչը։
«Թվում ա, թե քաղաքական առումով անհամատեղելիություն կա․ ինչպե՞ս կարող է և՛ քվեարկի Քաղաքացիական պայմանագիր կուսակցության օգտին, և՛ ըստ էության 180 աստիճանի օգտին։ Սա այն դեպքն է, երբ ինչ–որ առումով նաև ժողովրդի և գորիսեցիների պարտադրանքին ենք ենթարկվել։ Այս ընտրություններում էլ նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ մեզ շատ մեղադրում են, որ մենք «սևերի ու սպիտակների» ենք բաժանում, մենք մի շարք համայնքներում, այո, գնալու ենք այդպիսի որոշման և «Համերաշխություն» անունով դաշինք է ձևավորվելու։ Եթե ժողովուրդն է այդ հակասության հեղինակը, ուրեմն մենք պետք է ուշադիր լինենք՝ դա ի՞նչ հակասություն է»։
Հոկտեմբերին սպասվող թեժ պայքարի առանցքում է լինելու նաև Արթիկ խոշորացված համայնքը, որում «Քաղաքացիական պայմանագիրը» «Համերաշխության» սկզբունքով գործակցում է գեներալ Մանվել Գրիգորյանի սանիկի՝ գործող համայնքապետ, ԵԿՄ Արթիկի բաժանմունքի նախագահ Անանիկ Ոսկանյանի հետ։ Նա ունենալու է երեք մրցակից։
«Ապրելու երկիր» կուսակցության թեկնածուն գործարար է, Արթիկի՝ ձեռնոցի գործարանի սեփականատեր Արթուր Աստոյանը նաև Արթիկի ավագանու անդամ է։ 2018 թվականին ԲՀԿ-ի պորտֆելով՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պաշտոնը զբաղեցրած Լևոն Վահրադյանի թեկնածությունն առաջադրել է «Հայրենիք» կուսակցությունը։ Իսկ «Ազատ դեմոկրատներ»-ի ցուցակը գլխավորում է Մխիթար Վարագյանը։ Նա Արթիկի նախկին քաղաքապետն է։