ՔՊ-ական համայնքապետը խախտել է վարքագծի կանոնները․ եզրակացություն
· Սպիտակ

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ուսումնասիրել է azatutyun.am լրատվական կայքի մայիսի 19-ի «Սպիտակի քաղաքապետն ու փոխքաղաքապետը խոչընդոտել են «Ազատության» աշխատանքը» վերտառությամբ հոդվածը և վարույթ է հարուցել Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի նկատմամբ՝ վարքագծի կանոններն առերևույթ խախտելու համար։
Հրապարակված տեսանյութում լրագրողը համայնքի ղեկավարին հարցնում է․ «Բա՞ն ունեք ասելու, պարոն Նիկողոսյան»։ Հարցին Քաջայր Նիկողոսյանը արձագանքում է․ «Քեզ՝ առավել ևս ոչ, Ձեզ՝ առավել ևս ոչ։ Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ։ Հասկացողին են ասում»։
ԿԿՀ-ն Սպիտակ համայնքի ղեկավարից պարզաբանում է պահանջել։ Պարզաբանման մեջ նա նշել է, որ նախընտրական քարոզարշավի շրջանակում, Նիկոլ Փաշինյանի այցի օրը լրագրողը մի քանի անգամ փորձել է մոտենալ իրեն և հարցազրույց վերցնել, բացի այդ՝ լրագրողի ձեռքին եղել է հեռախոս, որով նկարահանել է այդ գործընթացը։ Բացի այդ, ըստ նրա պարզաբանման՝ 2022 թվականից «Ազատություն» լրատվականը իր վերաբերյալ վարկաբեկող տեսանյութեր է հրապարակել, ըստ այդմ՝ համայնքի ղեկավարը մտածել է, որ լրագրողն ունի միտում իրեն վարկաբեկելու։
ԿԿՀ-ն նաև պարզաբանում է խնդրել վերը նշված լրատվականի լրագրողից, որն էլ ներկայացրել է վարույթի համար էական փաստեր, տեսանյութն առանց մոնտաժման։
Հանձնաժողովի եզրակացության մեջ ընդգծվում է, որ հանրային պաշտոն զբաղեցնող անձը պարտավոր է լրագրողների, լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հաղորդակցվելիս ցուցաբերել հարգալից վերաբերմունք, իր գործողություններով չխախտել լրատվամիջոցների ներկայացուցիչների իրավունքները, չխոչընդոտել նրանց օրինական գործունեությանը և մասնագիտական աշխատանքին։
ԿԿՀ-ն հղում է արել Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքին։ Եվրոպական դատարանն արձանագրել է, որ մամուլին ընձեռվող երաշխիքներն առանձնահատուկ կարևորություն ունեն։
Հանձնաժողովն արձանագրել է, որ լրագրողի հարցը, որն ուղղված է եղել Սպիտակ համայնքի ղեկավարին, չի եղել բարձրատոն, չի կրել վիրավորանք։
Հանձնաժողովը գտել է, որ Քաջայր Նիկողոսյանի խոսքերը կրել են վիրավորական բնույթ և չեն ունեցել քննադատելու նպատակ և դրանք ոչ համաչափ են եղել իր մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողի վարքագծին։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը եզրակացրել է․ «Լոռու մարզի Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առկայության մասին»։