Վանաձորն ու Արարատը կխոշորացվեն, ՏԻՄ ընտրությունները՝ 2027-ին․ նախագիծն ԱԺ-ում է

· Վանաձոր

Վանաձորն ու Արարատը կխոշորացվեն, ՏԻՄ ընտրությունները՝ 2027-ին․ նախագիծն ԱԺ-ում է

Վերջին օրերին տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ հնարավոր է ՏԻՄ ընտրությունները հետաձգվեն Վանաձորում և Մասիսում, և որ այս հարցով օրենսդրական նախագիծը գտնվում է ԱԺ-ում։

Aravot.am-ը տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներից հետաքրքրվեց՝ արդյոք տեղյա՞կ են այդպիսի նախագծից, պատգամավորները նշեցին, որ կփորձեն ճշտել՝ արդյոք նման նախաձեռնություն կա՞, թե՝ ոչ, սակայն նշեցին, որ տեղյակ չեն։

Aravot.am-ը, ուսումնասիրելով ԱԺ կայքէջը, շրջանառության մեջ դրված, նստաշրջանի օրակարգում դեռևս չընդգրկված հարցեր բաժնում 24․08․2026 ամսաթվով գտավ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որում մասնավորապես առաջարկվում է, որպեսզի օրենքի 3․6-րդ մասը լրացվի հետևյալ բովանդակությամբ․

«ՀՀ Արարատի մարզի Արարատ, Լոռու մարզի Վանաձոր համայնքներում ավագանու ընտրությունները նշանակվում են համապատասխան մարզպետի որոշմամբ: Ընտրություններն անցկացվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից 2027 թվականի համար սահմանված ընտրական օրերից այն օրը, որ պահպանվեն տեղական ինքնակառավարման մարմինների հերթական ընտրությունների կազմակերպման և անցկացման համար «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքով սահմանված ժամկետները։ Մինչև առաջին նիստի գումարման պահը, որով սկսվում են նորընտիր համայնքների ավագանիների լիազորությունների ժամկետները, նախորդ գումարման տեղական ինքնակառավարման մարմինների լիազորությունները շարունակվում են պահպանվել»:

Առաջարկվող այս փոփոխության համար որպես հիմնավորում նշվում է նշված համայնքների խոշորացման գործընթացը։

Առաջարկվում է ստեղծել հետևյալ համայնքները՝ ՀՀ Արարատի մարզի Արարատ համայնք, որում ներառվելու են ներկայիս Արարատ և Վեդի համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով 32 բնակավայրերով, ՀՀ Lոռու մարզի Վանաձոր համայնք, որում ներառվելու են ներկայիս Վանաձոր և Փամբակ համայնքները՝ վերջիններիս կազմում ընդգրկված թվով  22 բնակավայրերով։