Անտառային հրդեհների կանխարգելումը՝ Ալավերդու համայնքապետարանի և Լոռու մարզի փրկարար վարչության ուշադրության կենտրոնում
· Ալավերդի

Ալավերդու համայնքապետարանը, համագործակցելով Լոռու մարզի փրկարար վարչության հետ, օրեր առաջ կազմակերպել էր հանդիպում՝ նվիրված անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելմանը, ինչպես նաև բնակչության իրազեկմանն ու հրդեհային անվտանգության կանոնների պահպանմանը։
Հանդիպման ընթացքում քննարկվել են հրդեհավտանգ ժամանակահատվածում անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելմանն ուղղված միջոցառումներին, պատասխանատու կառույցների միջև համագործակցության ամրապնդման, բնակչության իրազեկման աշխատանքների արդյունավետ կազմակերպման, ինչպես նաև արտակարգ իրավիճակների դեպքում օպերատիվ և համակարգված փոխգործակցությանն առնչվող հարցերը։
Մասնակիցներն ընդգծել են, որ հրդեհների կանխարգելման գործում առանձնահատուկ նշանակություն ունի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ինչպես նաև համապատասխան ծառայությունների սերտ համագործակցությունը։ Կարևորվել է նաև բնակչության շրջանում իրազեկման շարունակական աշխատանքների իրականացումը՝ հրդեհների առաջացման ռիսկերը նվազեցնելու և արտակարգ իրավիճակների դեպքում ճիշտ վարվելակերպ ձևավորելու նպատակով։
Հանդիպմանը մասնակցել են Ալավերդի համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Հարություն Ձավարյանը, Լոռու մարզի փրկարար վարչության աշխատակիցները, Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Թումանյանի և Ախթալայի տեղամասերի պատասխանատուները, «Թումանյանի անտառտնտեսություն» մասնաճյուղի ղեկավարը, համայնքային ոստիկանության ներկայացուցիչը, համայնքի վարչական ղեկավարները և համայնքապետարանի համապատասխան բաժինների աշխատակիցները։
Հանդիպման ավարտին մասնակիցները վերահաստատել են համատեղ աշխատանքի կարևորությունը՝ անտառային և բուսածածկ տարածքներում հրդեհների կանխարգելման արդյունավետությունը բարձրացնելու, բնակչության անվտանգության ապահովման և շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ։