«Սագամար» ՓԲԸ-ի պարզաբանումը Ստեփանավան համայնքի բնակիչներին և մտահոգ քաղաքացիներին

Հարգելի՜ Ստեփանավան համայնքի բնակիչներ,
«Սագամար» ՓԲ ընկերությունը (այսուհետ նաև` «Ընկերություն») մշտապես կարևորել է բնության պահպանության անհրաժեշտությունը և հարգանքով է վերաբերվում շրջակա միջավայրի պահպանության վերաբերյալ հանրության մտահոգություններին և չի վիճարկում բնապահպանական որոշումների կայացման գործընթացներին հանրության մասնակցության կարևորությունը։ Միաժամանակ, հանրության մասնակցությունը ենթադրում է ներկայացված դիտողությունների և առաջարկությունների բովանդակային քննարկում, սակայն չի նշանակում, որ ցանկացած ենթադրություն կամ մտահոգություն ինքնին կարող է դիտարկվել որպես մասնագիտական եզրակացություն կամ նախատեսվող գործունեությունը մերժելու բավարար հիմք։
Ընկերությունը ծանոթացել է «Սագամար» ՓԲԸ-ին Արմանիսի հանքային դաշտի արևմտյան և հարավարևելյան տեղամասերում երկրաբանական ուսումնասիրություններ իրականացնելու թույլտվության տրամադրման դեմ դիմում-պահանջ» վերնագրված փաստաթղթին, որը հրապարակվել և հանրայնացվել է Facebook սոցիալական հարթակում՝ Մայիս Մարգարյանի էջում, հետևյալ հղմամբ՝ https://docs.google.com/.../1mCbggzEGaEXRt5gVYNuU.../edit... :
Նախ, ցանկանում ենք նշել, որ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի բնակիչների մեծամասնությունը կողմ է «Սագամար» ՓԲԸ-ի գործունեությանը:
Ցանկանում ենք ըստ էության անդրադառնալ նշված փաստաթղթում առկա պնդումներին: Ընկերությունը բարձր է գնահատում շրջակա միջավայրի պահպանության կարևորությունն ու հանրային մտահոգությունները։ Դիմում-պահանջի համակողմանի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ դրանում տեղ գտած պնդումները հիմնված են ընդերքօգտագործման տարբեր փուլերի թյուրընկալման, իրավական նորմերի սխալ մեկնաբանման, գիտական հենքից զուրկ և ոչ պաշտոնական տվյալների վրա հիմնված ենթադրությունների վրա։
1. Գործունեության իրավական էության պարզաբանում.
Դիմում-պահանջում արտահայտված մտահոգությունների գերակշիռ մասը (թթվային դրենաժ, լայնամասշտաբ փոշու տարածում, հանքաջրերի արտահոսք, արդյունաբերական աղմուկ) վերաբերում են բացառապես արտադրական/արտադրողական (հանքարդյունահանման) փուլին։ Որի մասին ներկայացվել է չափազանց սխալ մեկնաբանություն:
Խստիվ ընդգծում ենք, որ «Սագամար» ՓԲԸ-ի կողմից ներկայացված հայտը, համաձայն ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, վերաբերում է բացառապես երկրաբանական ուսումնասիրությանը և որևէ աղերս չունի հանքավայրի արդյունահանման հետ։
Երկրաբանական ուսումնասիրության փուլն իրենից ներկայացնում է զուտ գիտատեխնիկական հետազոտությունների համալիր, որն ընդգրկում է երկրաֆիզիկական և երկրաքիմիական հետազոտություններ, երկրաբանական երթուղիներ, մակերևութային նմուշառումներ և սահմանափակ ծավալով հորատանցքերի հորատում։
Նախատեսվող երկրաբանական ուսումնասիրությունները նոր, առանձին տեղամասերում նախատեսվող հետազոտական աշխատանքներ են, որոնք չի կարելի և իրավաբանորեն անթույլատրելի է ասոցացնել տարածքում գոյություն ունեցող նախկին բացահանքի կամ դրա փաստացի վիճակի հետ։
Նախատեսվող աշխատանքների նպատակը հանքավայրի բացումը չէ, պայթեցման աշխատանքներ, հանքաքարի արդյունահանում, տեղափոխում կամ վերամշակում նախատեսված չէ։ Ուսումնասիրության փուլում չեն ձևավորվում լցակույտեր, պոչամբարներ կամ թթվային դրենաժ առաջացնող արտադրական զանգվածներ։
Բաց հանքի շահագործմանը հատուկ ռիսկերը երկրաբանական ուսումնասիրության փուլին վերագրելն անհիմն է, առարկայազուրկ և իրավաբանորեն ոչ կոռեկտ։
2. Բնապահպանական մշտադիտարկման իրավական հիմքերը, թափանցիկությունը և տվյալների հավաստիությունը
Արմանիսի հանքային դաշտի տարածքում շրջակա միջավայրի մշտադիտարկումն (մոնիթորինգը) իրականացվում է ՀՀ Կառավարության 2018 թվականի փետրվարի 22-ի N 191-Ն որոշմամբ սահմանված խիստ ընթացակարգերով («Ընդերքօգտագործման հետևանքով ազդակիր համայնքի բնակչության առողջությանն ու կյանքին հասցվող վնասների կանխարգելման, շրջակա միջավայրի պահպանության բնագավառում մշտադիտարկումների իրականացման, մոնիթորինգի պլանի, հաշվետվությունների ներկայացման և տվյալների արխիվացման կարգը սահմանելու մասին»)։
Ի կատարումն «Բնապահպանական վերահսկողության մասին» ՀՀ օրենքի և ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի 60-րդ հոդվածի պահանջների՝ «Սագամար» ՓԲԸ-ն պարբերաբար իրականացնում է մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների և հողային ծածկույթի որակական ցուցանիշների օրենքով սահմանված մշտադիտարկումներ։ Հավատարմագրված լաբորատորիաների կողմից ստացված պաշտոնական արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են պետական լիազոր մարմնին և հանրայնորեն հասանելի են ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության պաշտոնական կայքում։
Դիմում-պահանջում հղում արվող «Առնիկա» կազմակերպության հետազոտությունները կրում են բացառապես հասարակական-դիտորդական բնույթ։ Դրանք իրականացված չեն պետականորեն հավատարմագրված փորձագիտական լաբորատորիաների կողմից, չունեն պաշտոնական-իրավական կարգավիճակ և չեն կարող հիմք հանդիսանալ պետական լիազոր մարմնի կողմից հաստատված և հրապարակված պաշտոնական մոնիթորինգային տվյալները հերքելու կամ կասկածի տակ դնելու համար։
Արմանիսի հանքային դաշտը բնութագրվում է բնական բարձր միներալիզացիայով և մետաղական տարրերի բնական բարձր պարունակությամբ։ Տարածքի հողերում և ջրերում առկա քիմիական տարրերի խտությունները մեծապես պայմանավորված են տարածաշրջանի բնական երկրաբանական ֆոնով (բնական երկրաքիմիական անոմալիաներով), որոնք առանց պետականորեն հաստատված երկարաժամկետ մոնիթորինգային տվյալների վերլուծության անհիմն է և գիտականորեն ոչ կոռեկտ վերագրել ընկերության գործունեությանը։
3. Ջրային ռեսուրսների և Ջրաշուշանների լճի անվտանգության երաշխիքներ
Համաձայն ՀՀ Ջրային օրենսգրքի պահանջների՝ հորատման աշխատանքների ընթացքում կիրառվելու են բացառապես տեխնոլոգիապես փակ շրջանառու ջրամատակարարման համակարգեր։ Սա իսպառ բացառում է տեխնիկական ջրերի կամ հորատման լուծույթների արտահոսքը դեպի մակերևութային ջրային ռեսուրսներ, այդ թվում՝ Չքնաղ գետ։
Ուսումնասիրության տեղամասերը նախագծված են էկոլոգիական բուֆերային (պահպանման) գոտիների խստիվ պահպանմամբ։ Երկրաբանական ուսումնասիրությունները չեն միջամտում ստորգետնյա հիդրոգեոլոգիական հորիզոններին, չեն փոխում ջրային հաշվեկշիռը և որևէ ռիսկ չեն պարունակում Ջրաշուշանների լճի ու «Բուսական աշխարհի մասին» ՀՀ օրենքով պաշտպանվող սպիտակ ջրաշուշանի (Nymphaea alba) պահպանման համար։
4. Հանրային իրազեկման և հանրային լսումների ընթացակարգերի օրինականությունը
Ի պատասխան դիմումում տեղ գտած պնդումներին, թե իբր չի ապահովվել հանրության պատշաճ մասնակցությունն ու իրազեկումը, հայտնում ենք, որ «Սագամար» ՓԲԸ-ն ողջ գործընթացում գործել է բացառապես ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:
«Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածի և ՀՀ Կառավարության N 1325-Ն որոշման պահանջներին համապատասխան՝ հանրային լսումների վերաբերյալ ծանուցումները սահմանված ժամկետներում հրապարակվել են զանգվածային լրատվության միջոցներով (մամուլով), ազդակիր Ստեփանավան համայնքի ՏԻՄ պաշտոնական կայքում և հայտարարությունների ցուցատախտակներին, ինչպես նաև ՀՀ ՇՄՆ պաշտոնական կայքէջում:
Համաձայն նույն օրենքի 28-րդ և 29-րդ հոդվածների՝ կազմակերպվել և իրականացվել են օրենքով նախատեսված հանրային լսումները, որոնց ընթացքում ազդակիր համայնքի բնակիչներին ներկայացվել են ուսումնասիրության նախագծային փաստաթղթերը։ Լսումների ընթացքն արձանագրվել է, տեսալուսանկարահանվել, իսկ հանրության կողմից հնչեցված դիտողությունները սահմանված կարգով փոխանցվել են Լիազոր մարմնին: Ընկերությունն ապահովել է Օրհուսի կոնվենցիայով և ՀՀ օրենսդրությամբ երաշխավորված հանրային մասնակցության բոլոր իրավունքները:
5. Գեոպարկերի (Geoparks) ձևավորման և Mining Tourism-ի հեռանկարները
Դիմումում արված ենթադրությունները, թե երկրաբանական ուսումնասիրությունը վնասում է տուրիզմին կամ գյուղատնտեսությանը, հակասում են համաշխարհային առաջավոր փորձին։
Աշխարհում լայն թափ է ստանում հանքարդյունաբերական և երկրաբանական տուրիզմը (Mining Tourism / Geotourism)։ Երկրաբանական ուսումնասիրությունների միջոցով տարածքի ընդերքի և միներալոգիական առանձնահատկությունների բացահայտումը նոր հեռանկարներ է բացում համայնքի համար։
Միջազգային փորձը (օրինակ՝ Tuscan Mining Park UNESCO Global Geopark-ը Իտալիայում կամ Zollverein-ը Գերմանիայում) ցույց է տալիս, որ երկրաբանական թիրախները հետագայում կարող են ներառվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Global Geoparks (Գլոբալ Գեոպարկեր) ցանցում՝ դառնալով գիտակրթական և էկոտուրիստական խոշոր կենտրոններ։ Հետևաբար, ուսումնասիրության փուլն առաջին քայլն է տարածքի իրական երկրաբանական պոտենցիալը գնահատելու համար։
6. Իրավական անհիմնայնությունը և ներդրումների պաշտպանությունը
«Սագամար» ՓԲԸ-ն գործում է ՀՀ Ընդերքի մասին օրենսգրքի և «ՇՄԱԳ և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի շրջանակներում։
Ընկերությունը վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ թափանցիկ երկխոսության և բնապահպանական բոլոր նորմերի խստագույն պահպանման հարցում։