Պետական մարմինը պետք է երեկ արդեն հանրությանը կոչ աներ կամ հանձնարարական տար պետական համակարգին գույքագրել բոլոր նման իրավիճակները
· Հայաստան

Ֆեյսբուքյան օգտատեր Սարհատ Պետրոսյանը գրում է․
Փամբակի երկու աղջնակների դեպքից հետո նրանց մահի համար պատասխանատու պետական մարմինը խրոխտ ապամոնտաժեց այդ խողովակն ու հպարտ անցավ նորմալ առօրյային։ Կսկսեն նոր ջրամբարների մասին խոսել երկար բարակ, որոնց արդյունքը կերևա տասը տարուց, երբ իրենք փախած կլինեն կամ բանտերում, մոռանալով որ հենց այսօր մեր բնակավայրերի մոտ կեսը ծորակից հոսող ջուր չունի, կամ մեր բոլորի, բառիս բուն իմաստով բոլորի, կեղտաջրերն առանց մաքրման լցվում են գետերն ու ջրում մեր կերած սնունդը։
Պետական մարմինը պետք է երեկ արդեն հանրությանը կոչ աներ կամ հանձնարարական տար պետական համակարգին գույքագրել բոլոր նման իրավիճակները։ Հավատացեք դրանք շատ են: Գոնե մի քանիսը հենց հիմա «ոտքի վրա» կարող եմ հիշել որոնք տեսել եմ վերջին շրջանում. Սևան-Հրազդան ու Ղազարավանի ջրանցքների տարբեր մասերում, նույն Դեբետի բազմաթիվ տեղերում ու վտակներում, Եղեգիսի ձորում և այլն։ Բայց դա չարվեց...
Հիշեցնեմ մի քանի տարի առաջ հենց նույն Փամբակի մոտակայքում մի խաղահրապարակում հոսանքահարվեց մեկ այլ երեխա բաց էլեկտրական լարանցումից։ Նկարում Երևանի կենտրոնում Թումանյան փողոցում նկարել եմ երկու օր առաջ։ Նույն Թումանյան փողոցում մի քանի տարի առաջ իմ աղջիկը նորից փողոցային լուսավորության սյունից թեթև հոսանքահարվեց և բարեբախտաբար մի սպիով ամեն ինչ վերջացավ։
Ու շարունակում ենք ապրել մի երկրում որտեղ զոհերը «+/- 50» են լինում, ճանապարհին ավտովթարի զոհերին ասում են՝ ճանապարհները սարքել ենք շատ լավ, բայց դանդաղ քշեք (ի դեպ տեսել եք Լանջիկի մասի «լավ ճանապարհի» ասֆալտի ճաքերը՞) ու այդպես հակամարդկային պայմաններում գնում ենք դեպի «խաղաղություն»՝ ղժժալով «300 հազար ադրբեջանցու» թեզի վրա ու չենք նկատում երեկվա Օրդուբադի միջոցառման լուսանկարները...