Պատմություն այն մասին, թե ինչպես կիրովականցիները «պարտադրված» դարձան վանաձորցիներ
· Վանաձոր

Պատմություն այն մասին, թե ինչպես Կիրովականցիները <<պարտադրված>> դարձան Վանաձորցիներ
Խորհրդային Միության փլուզումից հետո Հայաստանում սկսվեց տեղանունների փոխման ժամանակաշրջանը։ Այդ ընթացքում շատ քաղաքներ վերադարձնում էին իրենց հին՝ հայկական անունները։ Կիրովականը բացառություն չէր։
1991թ. մարտի 1-ին Կիրովականի քաղաքային խորհուրդը որոշեց, որ այլևս նպատակահարմար չէ քաղաքը կոչել Սերգեյ Կիրովի անունով։ Ստեղծվեց հատուկ հանձնաժողով՝ նոր անուն ընտրելու համար։
Քաղաքացիներին առաջարկվեցին չորս անուններ՝ Բազում, Գուգարք, Վանաձոր և Վանք։ Առաջին հարցման ժամանակ «Վանաձոր»-ը ստացավ փոքր առավելություն, սակայն արդյունքները մերժվեցին։
Հոկտեմբերի 16-ին, ՀՀ նախագահի ընտրության օրը, անցկացվեց նոր, համաքաղաքային հանրաքվե։
Արդյունքները հետևյալն էին․
Գուգարք – 26 284 ձայն
Վանաձոր – 13 634
Վանք – 10 625
Բազում – 3 340
Հաղթողը՝ Գուգարք էր։ Բայց Հայաստանի Գերագույն խորհուրդը մերժեց այդ տարբերակը՝ պատճառաբանելով, որ ներկայիս Կիրովականը երբեք Գուգարաց աշխարհի մեջ չի եղել։
Ստեղծված իրավիճակում քաղաքային խորհուրդը ստիպված կանգ առավ երկրորդ տեղում հայտնված անունի՝ Վանաձոր-ի վրա։ 1992 թվականի հուլիսի 6-ին Հովհ. Աբելյանի անվան թատրոնի դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո, որի ընթացքում արդեն Վանաձորի քաղխորհրդի նախագահ Հովհաննես Մատինյանը ընթերցեց ՀՀ Գերագույն խորհրդի որոշումը Կիրովականը Վանաձոր վերանվանելու մասին: Հուլիսի 7-ի առավոտյան կիրովականցիները դարձան վանաձորցիներ:
Այդ օրը շատերը դեռ չէին համակերպվում։ Շատերի համար սա ոչ թե անվանափոխություն էր, այլ ինքնության փոփոխություն։ Ու մինչ օրս շատ տարեցներ (և ոչ միայն)իրենց Կիրովականցի են համարում՝ ոչ թե Վանաձորցի։
Որքան էլ անունը փոխվեց, մարդկանց հիշողությունը չփոխվեց։
Այսպես քաղաքը փոխեց անունը, բայց շատերի համար Կիրովականը մնաց սրտում՝ հիշողությունների, մանկության, հին բակերի ու կայարանի տեսքով։