ԴՍԵՂ. Լոռվա հրաշքն ու Թումանյանի ոգեշնչման աղբյուրը

Դսեղն ունի հնագույն պատմություն, որը սկսվում է մ․թ․ա ժամանակաշրջանից։ Այն հարուստ է պատմամշակութային հուշարձաններով, իսկ նրա յուրահատուկ բնությունը ներկայացված է անտառապատ լեռներով, անդնդախոր ու ժայռապատ ձորերով, սարահարթով և բարձրլեռնային լճով։
Անվան ստուգաբանությունը և հիշատակումները
Գոյություն ունի Դսեղ անվան ստուգաբանության հետ կապված երկու տարբերակ.
1-ին տարբերակ. Դսեղ նշանակում է «դուրս տեղ», այսինքն՝ բնակավայրերից զատված, առանձնացված տեղ։
2-րդ տարբերակ. Ըստ ավանդազրույցների՝ ձորի գյուղերից տարբերելու համար սարահարթի գյուղը կոչել են «Դրսի գեղ» կամ «Դըզի գեղ», որը ժամանակի ընթացքում դարձել է Դրսեղ, ապա՝ Դսեղ։
Գյուղի անունը «Դրսեղ» ձևով 15-րդ դարի սկզբին առաջին անգամ հիշատակել է Հակոբ Գ Սսեցի կաթողիկոսը (1404-1411) Սանահինի վանքի հարկատուների ցուցակում։ 17-րդ դարից սկսած գյուղն արդեն հիշատակվում է առանց «ր» տառի։ Հատկանշական է, որ 1938-1969 թվականներին բնակավայրը կոչվել է Թումանյան՝ ի պատիվ հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Թումանյանի։
Աշխարհագրական դիրքը
Դսեղը գտնվում է Ալավերդի քաղաքից մոտ 13 կմ հարավ՝ Դեբեդ գետի բարձրադիր աջ ափին, անտառներով շրջապատված սարավանդի վրա։ Բնակավայրը ծովի մակարդակից բարձր է 1250-1350 մ և զբաղեցնում է 39.47 կմ² տարածք։ Գյուղից հարավ-արևելք՝ Ծովաքար սարի ստորոտում, գտնվում է հանրահայտ ու գեղեցիկ «Ծովեր» լիճը։
Բնաշխարհը. Բուսական և կենդանական բազմազանություն
Ուղղահայաց գոտիականության շնորհիվ Դսեղի տարածքում հանդիպում են բուսականության հինգ տիպեր՝ լեռնատափաստանային, անտառատափաստանային, լեռնանատառային, մերձալպյան և ալպյան։
Բուսականություն. Անտառներում տարածված են արևելյան հաճարենին, կաղնին, թխկին, լորենին, բոխին, ինչպես նաև վայրի տանձենին ու խնձորենին։ Թփերից ու խոտաբույսերից հանդիպում են մամխենին, մասրենին, դաղձը, կատվախոտը, խնկածաղիկը և այլն։
Կենդանական աշխարհ. Տարածքում հանդիպում են բազմաթիվ կաթնասուններ (գորշ արջ, գայլ, աղվես, այծյամ, վարազ, լուսան), սողուններ և հարուստ թռչնաշխարհ (քարարծիվ, անգղեր, բվեճ, սոխակ)։ «Ծովեր» լճում և հարակից գետերում հանդիպում են կարմրախայտ, կողակ, կարաս և կարպ ձկնատեսակները։
Պատմամշակութային հուշարձաններ
Գյուղի տարածքում պահպանվել են բազմաթիվ պատմական հուշարձաններ.
Բարձրաքաշ Սուրբ Գրիգոր եկեղեցի (13-րդ դար). Կառուցվել է Մամիկոնյանների տոհմի կողմից, այժմ կիսաքանդ վիճակում է։
Քառասնից Մանկաց եկեղեցի (1256 թ.). Գտնվում է Դեբեդի ձորում, օծվել է Հաղպատի վանահայր Համազասպի կողմից։
Միանավ եկեղեցու ավերակներ (645 թ.). Գտնվում են հին գերեզմանատանը։
Գործող եկեղեցի. Գտնվում է գյուղի կենտրոնում՝ Թումանյանի տուն-թանգարանի հարևանությամբ։ Սկզբնական հիմքերը վերագրվում են 7-րդ դարին։
Գյուղի կենտրոնական հրապարակում է տեղադրված նաև Թումանյանի պոեմի հերոսի՝ «Լոռեցի Սաքոյի» բրոնզաձույլ արձանը (քանդակագործ՝ Սարգիս Բաղդասարյան)։ Շրջակայքում կան նաև հնագույն քարանձավներ («Դռնավոր էրը», «Ծակ քար»), որոնք հնում ծառայել են որպես կացարան։
Կրթություն, մշակույթ և առողջապահություն
Դսեղն ունի կրթական հարուստ կենսագրություն։ Առաջին երկսեռ դպրոցը բացվել է 1853 թվականին։ 1877-ին Հովհաննես Թումանյանի հորեղբայրը՝ Գրիգոր Թումանյանը, իր տանը գրագիտություն է սովորեցրել գյուղի երեխաներին, այդ թվում՝ ապագա մեծ բանաստեղծին։ 1938-ին կառուցվել է միջնակարգ դպրոցի երկհարկանի շենքը, իսկ ժամանակակից մասնաշենքը գործում է 1972 թվականից (հիմնանորոգվել է 2011-ին)։
Գյուղում գործում է նաև մշակույթի տուն՝ 250 տեղանոց դահլիճով և հարուստ գրադարանով։ Իսկ տեղի հիվանդանոցը կառուցվել է Սպիտակի երկրաշարժից հետո՝ «Կարմիր Խաչ» կազմակերպության միջոցներով՝ որպես օգնություն գյուղին։
Բնակչություն և տնտեսություն
Ըստ 2011 թվականի մարդահամարի տվյալների՝ Դսեղի մշտական բնակչությունը կազմել է 2137 մարդ։ Բնակչությունը հիմնականում զբաղվում է հողագործությամբ (հացահատիկ, կարտոֆիլ, բանջարաբոստանային կուլտուրաներ) և անասնապահությամբ՝ արտադրելով միս, կաթ, բուրդ և մեղր։