«Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վшռեց Ազատ գյուղում». «Կալուգացի օլիգարխը 200,000 դրամ տալիս, ուղարկում է». Սպիտակում Փաշինյանի ելույթն ընդհատած քաղաքացուն հեռացրին տարածքից

Ես իմ երեխուն եմ ուզում, տարավ վառեց, տարավ վառեց Ազատ գյուղում: Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության քարոզարշավի ժամանակ Սպիտակում ասաց քաղաքացին՝ ընդհատելով Նիկոլ Փաշինյանի ելույթը:
«Հայրիկ ջան, լավ էլի: Ժողովուրդ ջան, հիմա թրենդ է դարձել, ամեն տեղ մի մարդ ուղարկում են, եկեք ուշադրություն չդարձնենք, հա՞:
Կալուգացի օլիգարխն ամեն տեղ մի 200,000 դրամից բանից տալիս, ուղարկում է, եկեք հանգիստ: Ես հրահանգում եմ ոստիկաններին և այլն, որ ով խոչընդոտելու համար գալիս է, հանգիստ հեռացրեք, մարդիկ թող գնան իրենց գործին»,-արձագանքեց Փաշինյանը:
Նա նշեց, որ ովքեր չեն կիսում իրենց քաղաքական հայացքները, թող չգան, չխանգարեն հավաքները, ինչպես իրենք չեն խանգարում:
Մինչ Փաշինյանը հանգստության կոչ էր անում, քաղաքացիական հագուստով երիտասարդներ տարածքից հեռացրին քաղաքացուն:
«Ես հո տեռորիստ չեմ, թողեք ինձ, մի բռնեք ինձ:
Ես իմ երեխուն 18 տարի պահեցի, ճանապարհեցի բանակ ծառայելու, 25 օր էր մնացել, որ տուն գար, ինքը վառեց թե իրա մարդիկ վառեցին Ազատ գյուղում, զինվորական կացարանում: Մի հատ թող պատասխան տա, թե ինչու ինքը զարթնեց, առավոտն ասաց, որ մեկ սուրճի բաժակով բենզին լցրին, վառեցին: Ինքը սուտ է ասում, դատարանում քանի անգամ պահանջել ենք, որ գա, ցուցմունք տա, չի գալիս»,-ասաց քաղաքացին:
Լրագրողի դիտարկմանը, թե Փաշինյանն ասում է՝ գումարով են գալիս հավաքներին, նման բաներ ասում, քաղաքացին ասաց՝
«Ի՞նչ գումար, ես Արամ Մանուկյանի պապիկն եմ»: