Արտակարգ դեպք․ փլուզվել է Վանաձորի նախկին քրեակատարողական հիմնարկի հենապատը
· Վանաձոր

Այսօ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 20։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 14 հասցեում գտնվող հենապատը փլուզվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Լոռու մարզային փրկարարական վարչության Վանաձորի թիվ 1 հրշեջ փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի 1-ին վաշտի պարեկներ գումարտակի հրամանատարի պարտականությունները կատարող Մհեր Խալաթյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Արման Սուքիասյանի գլխավորությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Բազումի բաժնի հերթապահ խումբը օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Տեղում փրկարարները, պարեկները ու համայնքային ոստիկանները պարզել են, որ տեղում իրականացվում են շինարարական աշխատանքներ, ինչից էլ փլուզվել է նախկին քրեակատարողական հիմնարկի արտաքին պարիսպը՝ մոտ 4 մետր բարձրությամբ և 30 մետր երկարությամբ, դեպի ներս, փլուզվել է նաև մայթը՝ մոտ 1 մետր լայնությամբ և 30 մետր երկարությամբ։
Ըստ նախնական տեղեկությունների փլուզման հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։
Դեպքի փաստով ոստիկանության Բազումի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել։
Լուսանկարները ու տեսանյութը` Արմինե Դանիելյանի