Ո՞վ է մարել վարկը, ո՞վ՝ պարտքով մեքենա գնել․ Սևանի և Սպիտակի պաշտոնյա թեկնածուների հայտարարագրերը. Infocom
· Սպիտակ
ՏԻՄ ընտրություններում առաջադրված համայնքի ղեկավարի թեկնածուներ, Սևանի գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանի հայտարարագրում նշված վարկի մարումը և Գեղարքունիքի մարզպետի նախկին օգնական Սուրեն Գրիգորյանի ավտոմեքենայի գնման ծախսը գերազանցում են այն գումարները, որոնք, ըստ հայտարարագրերի, նրանք կարող էին ծախսել 2025 թվականին։ Մուրադյանի խոսքով՝ վարկի մի մասը վճարել է երաշխավորը, իսկ Գրիգորյանն ասում է, որ մեքենան գնելու համար գումար է վերցրել ընկերոջից։
«Ինֆոքոմն» ուսումնասիրել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող՝ Սևանի և Սպիտակի չորս պաշտոնյա թեկնածուների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին (ԿԿՀ) ներկայացրած հայտարարագրերը։
Սպիտակի համայնքապետ Քաջայր Նիկողոսյանի հայտարարագրերում հարցեր են առաջացնում անշարժ գույքի վերաբերյալ գրառումները, իսկ ավագանու անդամ Համլետ Մազմանյանի և նրա ընտանիքի անդամների հայտարարագրերում՝ տարեվերջին և հաջորդ տարեսկզբին նշված կանխիկ գումարների տարբերությունները։
Տարվա ընթացքում ծախսերի համար հասանելի գումարը գնահատելու համար տարեսկզբի հայտարարագրված դրամական միջոցներին գումարել ենք տարվա եկամուտները և հանել տարեվերջին հայտարարագրված դրամական միջոցները։
Սևան համայնքի ղեկավարի վարկը մարել է երաշխավորը
Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանն ավագանու ընտրություններում գլխավորում է «Վստահություն» դաշինքի ցուցակը։ Ըստ 2025 թվականի հայտարարագրի՝ նա տարվա ընթացքում ստացել է 3 132 316 դրամ եկամուտ։

Տարեսկզբի և տարեվերջի դրամական միջոցները հաշվի առնելուց հետո ծախսերի համար հասանելի գումարը, մեր հաշվարկով, կազմել է 2 308 019 դրամ։
Մինչդեռ նույն տարվա ընթացքում նա 9 650 514 դրամ ուղղել է վարկի մարմանը, ինչը զգալիորեն գերազանցել է նրա հայտարարագրած եկամուտներն ու դրամական միջոցները։
«Ինֆոքոմի» հարցմանն ի պատասխան՝ Մուրադյանը հայտնել է, որ այդ գումարից շուրջ 5․4 մլն դրամը վճարել է վարկի երաշխավորը։ Մնացած մասը, իր խոսքով, վճարվել է իր օրինական եկամուտներից, ինչպես նաև կնոջ և հարազատների տրամադրած միջոցներից։
«Քանի որ հարազատների տրամադրած գումարները չեն եղել մեկ միլիոն կամ այն գերազանցող միանվագ տրամադրված գումար, ուստի չեն ներկայացվել հայտարարագրում: Նշված հարցով բանավոր պարզաբանում եմ ստացել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից և տեղեկացվել եմ, որ նշված գումարները համարվում են անուղղակի եկամուտ, անհրաժեշտ է ներառել «Եկամուտներ» բաժնում և ներկայացնել։ Առաջիկայում կներկացնեմ ուղղում»։
Սարգիս Մուրադյան
Մուրադյանի կինը՝ Անահիտ Հակոբյանը, 2025 թվականին եկամուտ չի հայտարարագրել, սակայն նրա դրամական միջոցներն ավելացել են 204 750 դրամով։ Բանկային հաշվի մնացորդը 10 435 դրամից դարձել է 15 185 դրամ, իսկ կանխիկ գումարը՝ 400 հազար դրամից 600 հազար դրամ։ Մուրադյանի պարզաբանմամբ՝ ավելացումը պայմանավորված է եղել տարվա ընթացքում իր՝ կնոջը տրամադրած գումարներով։
Սարգիս Մուրադյանի ավելի վաղ տարիների հայտարարագրերում ևս անհամապատասխանություններ կան։ Նույն հաշվարկի տրամաբանությամբ՝ 2024 թվականին Մուրադյանի վեցհոգանոց ընտանիքն ընթացիկ ծախսերի համար ունեցել է 2 533 850 դրամ՝ ամսական միջինը շուրջ 211 հազար դրամ։ Իսկ 2023 թվականին այդ գումարը կազմել է 1 291 294 դրամ՝ ամսական մոտ 107 հազար դրամ։
Մուրադյանին խնդրել էինք պարզաբանել, թե այս տարիներին նշված գումարով իր վեցգհոգանոց ընտանիքն ինչպե՞ս է կատարել ընթացիկ ծախսերը, և եթե եղել են եկամտի այլ աղբյուրներ, ինչու դրանք արտացոլված չեն իր հայտարարագրերում։
Մուրադյանը պատասխանել է, որ ընտանեկան ծախսերը կատարվել են օրինական եկամուտներից, հայտարարագրման ենթակա այլ գումարներ չեն եղել։ Պաշտոնյան, ըստ էության, չի պատասխանել, թե ինչպես են ոչ մեծ ֆինանսական միջոցները բավարարել ընտանիքին առօրյա ծախսերը հոգալու համար:
Ինչպե՞ս է Սուրեն Գրիգորյանը ավտոմեքենա գնել
Սևան համայնքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Սուրեն Գրիգորյանը 2025 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 2026 նոյեմբերի 2-ը եղել է Գեղարքունիքի մարզպետի խորհրդական և հայտարարագիր է ներկայացրել ԿԿՀ-ին։
Ըստ 2025 թվականի հայտարարագրի՝ տարեվերջին նրա բանկային հաշվի գումարն աճել է 283 հազար դրամով։ Պաշտոնյան հայտարարագրել է նաև 5 մլն դրամ կանխիկ գումար, որը տարվա ընթացքում չի փոխվել։
Տարվա ընթացքում նա ստացել է 1 237 502 դրամ եկամուտ, ևս 1 300 000 դրամ էլ՝ ավտոմեքենայի վաճառքից։ Նախորդ տարիներին նա հայտարարագրել էր 2005 թվականի Infiniti մակնիշի ավտոմեքենա, ըստ ամենայնի՝ այդ մեքենան էլ վաճառել է։
Այսպիսով տարվա ընթացքում ընթացիկ ծախսերի համար հասանելի գումարը կազմել է 2 254 502 դրամ։ Նույն թվականին Գրիգորյանը 8 մլն դրամով ավտոմեքենա է գնել։ Գնման արժեքը 5 745 498 դրամով գերազանցում է հայտարարագրի տվյալներով հաշվարկված գումարը։
Գրիգորյանի կինը՝ Լենա Համբարձումյանը, այդ տարի եկամուտ չի հայտարարագրել, նրա կանխիկ միջոնցները չեն փոխվել։ Նույն հաշվարկով՝ Գրիգորյանի մոր՝ Նաիրա Ստեփանյանի՝ տարվա ընթացքում ծախսերի համար հասանելի միջոցները կազմել են 1 558 827 դրամ։
«Ինֆոքոմի» գրավոր հարցմանն ի պատասխան՝ Սուրեն Գրիգորյանը հայտնել է, որ ավտոմեքենայի ձեռքբերման հիմնական ֆինանսական աղբյուրը ընկերոջից ստացած փոխառությունն է։ Նրա փոխանցմամբ՝ պարտքը դեռևս մարվում է։ Հայտարարագրի համաձայն՝ նախորդ տարվա ընթացքում այդ պարտքից մարվել է շուրջ 585 հազար դրամ։ Փոխառության ստացումն առանձին արտացոլված չէ։
«Ընտանիքի ընթացիկ ծախսերի մի մասը հոգացել է եղբայրս՝ ամեն ամիս մեր մայրիկին տարբեր չափի գումարներ փոխանցելով։ Վերը նշվածից բացի՝ հայտարարագրերում չարտացոլված այլ եկամուտներ կամ դրամական միջոցներ չեն եղել»։
Սուրեն Գրիգորյան
Այսպիսով, մոր հայտարարագրում որդուց ստացած գումարները որպես եկամուտ նշված չեն։ Գրիգորյանի հայտարարագրում համատեղ բնակվող անձանց շարքում նշված չեն նաև նրա երկու անչափահաս երեխաները։ Գրիգորյանը «Ինֆոքոմին» հայտնել է, որ առաջիկայում ճշտումներ կանի և կդիմի ԿԿՀ-ին։
Ո՞ւր է անհետացել Քաջայր Նիկողոսյանի անշարժ գույքը
Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանը ՏԻՄ ընտրություններում գլխավորում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը։
Ըստ 2021 թվականի հայտարարագրի՝ տարեսկզբին Նիկողոսյանն ունեցել է 2 բնակարան, ավտոտնակ և հողամաս։ Սակայն նույն տարվա ընթացքում նա օտարել է հասարակական նշանակության շինություն, որը տարեսկզբի գույքի ցանկում ներառված չի եղել։
Քաջայր Նիկողոսյանը, մեր ուղարկած գրությանն ի պատասխան, հայտնել է, որ գույքի վաճառքից ստացված գումարն արտացոլվել է եկամուտների բաժնում, սակայն շինությունն արտացոլված չի եղել տեխնիկական վրիպակի պատճառով, որն ուղղելու համար դիմում է ներկայացվելու ԿԿՀ-ին։
2025 թվականի հայտարարագրում տարեսկզբի գույքի ցանկում ավելացել է ևս մեկ բնակարան, որի ձեռք բերման գործարքի վերաբերյալ տեղեկություններն արտացոլված չեն հայտարարագրում։
«2025 թվականի հայտարարագրում տարեսկզբում ավելացված ևս մեկ բնակարանը պատկանում է իմ դստերը' Լուարա Նիկողոսյանին, որը նա ձեռք է բերել 2023 թվականի հիպոթեքային պայմաններով' նաև իմ եկամտահարկի հետվերադարձի կիրառմամբ, որին ես համավարկառու եմ և 2023 թվականի իմ տարեկան հայտարարագրում այն սխալմամբ նշել էի որպես իմ կողմից ձեռք բերված գույք, սակայն համապատասխան մասնագետների կողմից ներկայացված ուղեցույցի համաձայն 2024 թվականին ԿԿՀ-ին ներկայացրել եմ հայտարարագրված տվյալներում փոփոխություն կատարելու վերաբերյալ դիմում և իրականացրել համապատասխան ուղղումներ: 2024 թվականի նշված գույքը ճիշտ ձևաչափով է հայտարարագրվել, իսկ 2025 թվականի հայտարարագրում հայտնվել է ոչ ճիշտ ձևաչափով, որի համար իմ կողմից կրկին դիմում կներկայացվի ԿԿՀ»։
Քաջայր Նիկողոսյան
Նիկողոսյանի կինն ու որդին անհատ ձեռնարկատերեր են։ Այդ տեղեկությունը Նիկողոսյանի հայտարարագրերում նշված չէ։ Համայնքի ղեկավարն այդ մասին հայտնել է, որ կինն ու որդին իրենց ձեռնարկատիրական գործունեությունը նշել են սեփական հայտարարագրերում, իսկ ինքն այդ գործունեությանը չի մասնակցում։
«Հանրային ծառայության մասին» օրենքի համաձայն, սակայն, պաշտոնյան պետք է արտացոլի իր կամ իր ընտանիքի անդամի մասնակցությունն առևտրային կազմակերպություններում։
Ինչպե՞ս է Համլետ Մազմանյանի ընտանիքն ապրել սակավ դրամական միջոցներով
Սպիտակի ընտրություններում «Բարոյական արժեքներ» դաշինքի ցուցակը գլխավորող Համլետ Մազմանյանը, որպես համայնքի ավագանու անդամ, տարեկան հայտարարագրեր է ներկայացրել ԿԿՀ-ին։
Ըստ 2025 թվականի հայտարարագրի՝ Մազմանյանն այդ տարի եկամուտ չի ստացել։ Կինը՝ Լիլիթ Ավետիսյանը, հայտարարարգրել է 280 հազար դրամ եկամուտ 370 հազար դրամ կանխիկ, որը տարեվերջին դարձել է 50 հազար դրամ։ Մազմանյանի կնոջ կանխիկ միջոցները տարվա ընթացքում 370 հազար դրամից նվազել են մինչև 50 հազար դրամ, իսկ հոր՝ Հրաչյա Մազմանյանի կանխիկ միջոցները՝ 280 հազար դրամից մինչև 73 600 դրամ։
Մազմանյանի մայրը՝ Անահիտ Պապիկյանը և համատեղ բնակվող Բայազ Մանուկյանը եկամուտ և դրամական միջոցներ չեն հայտարարագրել։
Այս տվյալների համադրությամբ՝ 2025 թվականի ընթացքում հինգհոգանոց ընտանիքն ընթացիկ ծախսերի համար ունեցել է 806 400 դրամ կամ ամսական միջինը շուրջ 67 հազար դրամ։
2024 թվականի հայտարարագրում Համլետ Մազմանյանը եկամուտ չի նշել, իսկ նրա կանխիկ միջոցները չեն փոխվել։ Կինը՝ Լիլիթ Ավետիսյանը հայտարարագրել է 301 605 դրամ եկամուտ, Անահիտ Պապիկյանը՝ 642 004 դրամ, իսկ Բայազ Մանուկյանը՝ 540 720 դրամ։ Հրաչյա Մազմանյանը եկամուտ չի հայտարարագրել։
Այսպիսով, 2024 թվականի ընթացքում ընտանիքն ընթացիկ ծախսերի համար ունեցել է 1 484 329 դրամ։ Հաշվի առնելով 2022 և 2023 թվականների հայտարարագրերում վարկի մնացորդների տարբերությունը՝ կարելի է ենթադրել, որ նույն տարվա ընթացքում Անահիտ Պապիկյանը շուրջ 62 հազար դրամ ուղղել է վարկի մարմանը։
Հաշվարկի նույն տրամաբանությամբ՝ 2023 թվականին Մազմանյանի ընտանիքն ընթացիկ ծախսերի համար ունեցել է 450 հազար դրամ։
Պաշտոնյայի հայտարարագրում տարեսկզբի դրությամբ արտացոլված դրամական միջոցները պետք է համընկնեն նախորդող տարվա հայտարարագրում տարեվերջի դրությամբ արտացոլված դրամական միջոցների հետ։ Մազմանյանի և ընտանիքի անդամների տարբեր տարիների հայտարարագրերում տարեվերջին նշված կանխիկ գումարները տարբերվում են հաջորդ տարվա սկզբի գումարներից։

Նշված բոլոր անհամապատասխանությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու նպատակով Համլետ Մազմանյանին նոյեմբերի 9-ին գրավոր հարցում էինք ուղարկել՝ խնդրելով դրան հաջորդող 4 օրերի ընթացքում պարզաբանումներ տալ։ Սակայն նա մեր գրությանը չի պատասխանել, և հայտարարագրերում առկա անհամապատասխանությունները մնացել են չպարզաբանված։