Կառավարման գործընթացներ՝ նոր հանձնարարականներով․ կայացավ առաջին աշխատանքային խորհրդակցությունը
Կառավարման գործընթացներ՝ նոր հանձնարարականներով․ կայացավ առաջին աշխատանքային խորհրդակցությունը։
Արմեն Գրիգորյանն իր շնորհակալությունը հայտնեց բնակիչներին` վստահության համար։
Լիազորությունները ստանձնելուց հետո Ստեփանավան համայնքի ղեկավարն այսօր հրավիրեց առաջին աշխատանքային խորհրդակցությունը։
Նախքան օրակարգային հարցերին անցնելը, Արմեն Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց համայնքի բնակիչներին՝ ցուցաբերած վստահության համար՝ ընդգծելով, որ դա առավել պարտավորեցնող է, և որ հետագա գործունեությամբ պետք է ամեն ինչ անել բնակիչների սպասելիքներն արդարացնելու համար։
Խորհրդակցության առանցքում համայնքների խոշորացման արդյունքում առաջացած կազմակերպչական և կառավարման գործընթացներն էին, ինչպես նաև առաջիկա անելիքների հստակեցումը։
Համայնքի ղեկավարը համապատասխան հանձնարարականներ տվեց խորհրդակցությանը ներկա բաժինների պետերին ու ոլորտային պատասխանատուներին։
Դրանք վերաբերում էին աշխատանքային հանձնաժողովների ձևավորմանը, համայնքային գույքի, փաստաթղթերի և պարտավորությունների գույքագրմանը, անհրաժեշտ ծանուցումների իրականացմանը, ինչպես նաև կառուցվածքային և վարչական գործընթացների համակարգմանը։
Շեշտը դրվեց աշխատանքների պատշաճ կազմակերպման, ժամկետների պահպանման, առկա խնդիրների օպերատիվ լուծման և համայնքի բոլոր բնակավայրերում ծառայությունների անխափան շարունակականության ապահովման կարևորության վրա։
«Մեզանից յուրաքանչյուրն իր աշխատանքով պետք է արդարացնի բնակիչների վստահությունը։ Մեր նպատակը մեկն է՝ համատեղ ուժերով հաղթահարել առաջիկա մարտահրավերները, ապահովել արդյունավետ կառավարում և շարունակել աշխատել հանուն մեր համայնքի զարգացման ու բնակիչների բարեկեցության»,- նշեց համայնքի ղեկավարը։