Սպիտակում ՔՊ-ի ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումը կարող է անվավեր ճանաչվել․ ԸԸՀ-ն դիմում է դատարան
· Սպիտակ
Թիվ 22 Ընտրատարածքային հանձնաժողովն այսօր՝ նոյեմբերի 13-ին, որոշել է ակնհայտ քաղաքական հետապնդման և վարչական ռեսուրսի չարաշահման հիմքով դիմել դատարան՝ Սպիտակի ՏԻՄ ընտրություններին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Քաջայր Նիկողոսյանի գրանցումն անվավեր ճանաչելու համար։
Factor TV-ն որոշումից տեղեկանում է, որ հանձնաժողովն արձանագրել է, որ Սպիտակ համայնքի ղեկավար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Քաջայր Նիկողոսյանի գործողություններում առկա են ընտրական օրենսդրության պահանջների խախտումներ։
Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովն իրականացված վարչական վարույթի արդյունքներով փաստել է համայնքի ղեկավարի գործողությունների ոչ իրավաչափ լինելը․ «…Թիվ 22 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը փաստում է, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու, Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի գործողությունները հանգեցրել են ընտրական օրենսդրությամբ սահմանված պահանջների խախտման, ինչը հիմնավորվել է սույն վարչական վարույթի շրջանակներում»։
Ընտրական հանձնաժողովն անդրադարձել է տեղի ունեցած պաշտոնանկություններին՝ դրանք դիտարկելով Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համատեքստում․ «…Մասնավորապես, նշված պաշտոնանկությունները կարող են դիտարկվել նաև Ընտրական օրենսգրքի 23-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգավորումների համատեքստում, այսինքն, նախընտրական քարոզչության կազմակերպման և իրականացման ընթացքում վարչական ռեսուրսի, այդ թվում՝ մարդկային ռեսուրսի օգտագործումը՝ ընտրությունների ժամանակ առավելություն ստանալու նպատակով»։
Հանձնաժողովը հատուկ ընդգծել է, որ մարդկային ռեսուրսի չարաշահումը դրսևորվում է ոչ միայն աշխատակիցներին քարոզչության մեջ ուղղակիորեն ներգրավելով, այլև ծառայողական ճնշմամբ․ «Վերոնշյալ իրավակարգավորումներից հետևում է, որ մարդկային ռեսուրսի օգտագործումը կարող է դրսևորվել ոչ միայն պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին նախընտրական քարոզչությանն անմիջականորեն ներգրավելու, այլև նրանց նկատմամբ ծառայողական դիրքի բերումով ունեցած կառավարչական ազդեցությունն օգտագործելու միջոցով»։
Հիշեցնենք՝ ընտրություններին ընդառաջ Սպիտակում վարչական ռեսուրսի հնարավոր չարաշահման դեպքի մասին ահազանգել էր «Անկախ դիտորդ» դաշինքը։ Քաջայր Նիկողոսյանն աշխատանքից ազատել էր մրցակից «Բարոյական արժեքներ» կուսակցության ցուցակով առաջադրված համայնքապետարանի չորս աշխատակցի՝ իր տեղակալին և երեք բնակավայրերի վարչական ղեկավարներին։ Միաժամանակ, մյուս վարչական ղեկավարներին շրջաբերական էր ուղարկել՝ պահանջելով նպատակային արձակուրդի դիմումներ չներկայացնել։
«Անկախ դիտորդ» դաշինքի գնահատմամբ՝ աշխատանքից ազատումները պատշաճ հիմնավորում չեն ունեցել և կարող են մյուս աշխատակիցներին հետ պահել իրենց քաղաքական նախապատվություններն ազատ արտահայտելուց՝ առավելություն տալով ՔՊ-ին։ Դաշինքը կոչ է արձանագրել վարչական ռեսուրսի չարաշահումը և դիմել դատարան։
ՔՊ-ի ընտրական ցուցակում ընդգրկված են նաև Սպիտակի մի շարք մանկապարտեզների ղեկավարներ, որոնցից մի քանիսի նշանակումների ընթացքում Կրթության տեսչական մարմինը խախտումներ է արձանագրել։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ