Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում

· Սպիտակ

Առանց հավաստագրի՝ մանկապարտեզի ղեկավար, այժմ՝ ՔՊ-ի թեկնածու․ ի՞նչ է կատարվում Սպիտակում

Սպիտակ համայնքում տարիներ շարունակ մանկապարտեզները ղեկավարել են անձինք, որոնք չեն ունեցել տնօրենի պաշտոնը զբաղեցնելու համար անհրաժեշտ հավաստագիր: Նրանցից ոմանք այսօր ընդգրկված են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ցուցակում։ Մինչդեռ, հավաստագիր չունենալու պատճառով աշխատանքից ազատված մեկ այլ տնօրեն հետագայում հաղթել է չորս մրցույթում, բայց ոչ մի անգամ պաշտոնի չի նշանակվել:

Factor TV-ն ուսումնասիրել է Սպիտակկի համայնքապետարանի որոշումները, մանկապարտեզների տնօրենների մրցույթների փաստաթղթերը և Կրթության տեսչական մարմնի արձանագրած խախտումները: Պարզվել է, որ որոշ մանկապարտեզներում տնօրենների ժամանակավոր նշանակումները տարիներով կրկնվել են, իսկ տեսչական մարմնի՝ այդ խախտումները վերացնելու հանձնարարականները կատարվել են մասնակի:

Ազատվեց տնօրենի պաշտոնից, բայց վեց օր անց կրկին նշանակվեց նույն պաշտոնին

2025 թվականի մայիսի 8-ին Հերմինե Նիկողոսյանն ազատվեց Սպիտակ համայնքի Կաթնաջուր բնակավայրի մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից: Սակայն ընդամենը վեց օր անց նա կրկին ստանձնեց մանկապարտեզի ղեկավարի պարտականությունները: Փոխվել էր միայն պաշտոնի անվանումը:

Մայիսի 12-ին Նիկողոսյանը նշանակվեց մանկապարտեզի դաստիարակի ժամանակավոր պաշտոնակատար, իսկ մայիսի 14-ին Սպիտակ համայնքի ղեկավար Քաջայր Նիկողոսյանի որոշմամբ նրան կրկին հանձնարարվեց կատարել տնօրենի պարտականությունները:

Մինչ այդ՝ մայիսի 7-ին, համայնքի ղեկավարը տնօրենի պարտականությունները ժամանակավորապես հանձնարարել էր Մեծ Պարնու մանկապարտեզի տնօրեն Գոհար Հովհաննիսյանին: Սակայն մեկ շաբաթ անց այդ որոշումը փոխվեց, և մանկապարտեզի ղեկավարումը կրկին վստահվեց Հերմինե Նիկողոսյանին:

Այս պատմության մեջ ուշագրավ է հատկապես այն հանգամանքը, որ Հերմինե Նիկողոսյանը չի ունեցել մանկապարտեզի ղեկավարման իրավունքի պարտադիր հավաստագիր:

Ընդ որում, սա նրա առաջին նշանակումը չէր։

Կաթնաջուր բնակավայրի մանկապարտեզը պետական գրանցում է ստացել 2022 թվականի մայիսի 23-ին, բայց դրանից դեռ 19 օր առաջ Հերմինե Նիկողոսյանն արդեն նշանակվել էր հաստատության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար՝ առավելագույնը վեց ամիս ժամկետով։ Բայց փաստացի նա ղեկավարել է շուրջ մեկուկես տարի և առաջին անգամ այդ պաշտոնից ազատվել միայն 2023 թվականի նոյեմբերին։

Ազատումից ընդամենը 20 օր անց նա կրկին նշանակվել է նույն պաշտոնում։ Հետագայում նրա պաշտոնավարման ժամկետը երկարաձգվել է, իսկ 2024 թվականի սեպտեմբերին Նիկողոսյանն արդեն երրորդ անգամ է նշանակվել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Այսպիսով, շուրջ երեք տարի նա պարբերաբար ղեկավարել է Կաթնաջուրի մանկապարտեզը՝ չունենալով համապատասխան հավաստագիր։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/1079874.html