Շտապօգնության շչակի ձայնը եւ մեր խուլ խիղճը. Վանաձորյան ողբերգության դասերը
· Վանաձոր
Հանգստյան օրերին Վանաձորում տեղի ունեցած ողբերգությունը ցնցեց շատերին, բայց, ցավոք, այն եզակի եւ զարմանալի չէր ճանապարհային մեր դաժան իրականության պայմաններում: Միացված շչակներով ու առկայծող փարոսիկներով հիվանդանոց շտապող շտապօգնության մեքենան ենթարկվել է վթարի: Մեքենայում ծանր վիճակում գտնվող հիվանդ կար, որի կյանքի համար պայքարում էին բժիշկները: Նա հիվանդանոցում մահացավ: Սա պարզապես ավտովթար կամ անբարենպաստ պատահար չէ. սա անտարբերության, անպատասխանատվության եւ հասարակական բարոյականության աղետալի անկման դրսեւորում է: Երբ ճանապարհը չեն զիջում շտապօգնության մեքենային, դա վարորդական անուշադրություն չէ, դա անտարբերություն է, որը հանգեցրել է մարդասպանության:
Շտապօգնության մեքենան արտոնություն չի խնդրում այն ճանապարհ է խնդրում մարդու կյանքը փրկելու համար։ Մեքենայի մեջ կարող է լինել կարգազանց վարորդի մայրը, հայրը, երեխան, կինը, ընկերը։ Մարդ, որի կյանքը տվյալ պահին կախված է ոչ միայն բժշկի գիտելիքից ու բուժօգնության ճշգրտությունից, այլեւ ճանապարհին հանդիպող վարորդների պարզ ու տրամաբանական որոշումից՝ զիջե՞լ ճանապարհը, թե՞ շարունակել երթեւեկությունը վտանգելով հիվանդի կյանքը։ Ո՞ւմ համար է նորություն, որ շտապօգնության շչակը լսելիս վարորդը պարտավոր է մի կողմ քաշվել, պարտավոր է մոռանալ իր շտապելը, նյարդայնությունը, իր` «ես էլ գործ ունեմ»-ը։ Դիմացի մեքենայում գուցե մարդ կա՝ մահվան ու կյանքի սահմանագծին, իսկ կորցրած մի քանի վայրկյանը կարող է վճռորոշ լինել։ Բժշկության մեջ գոյություն ունի «Ոսկե ժամ» (Golden Hour) հասկացությունը: Սրտամկանի ինֆարկտի, կաթվածի (ինսուլտ), ծանր վնասվածքների, արյունահոսության կամ շնչառական սուր անբավարարության դեպքում յուրաքանչյուր րոպեն կարող է որոշիչ լինել կենաց-մահու սահմանագծում: Այո, մենք չգիտենք՝ ով է մեքենայի ներսում։ Հենց մեր չիմանալն էլ պարտավորեցնում է ճանապարհ զիջել։ Այդ պահին մեր խնդիրը հիվանդության բնույթը պարզելը չէ։ Սա միայն բարոյական հորդոր չէ։
Հ կառավարության 2007 թ. հունիսի 28-ի N 955-Ն որոշմամբ հաստատված ճանապարհային երթեւեկության կանոնների 28-րդ կետը հստակ սահմանում է. կապույտ առկայծող փարոսիկն ու հատուկ ձայնային ազդանշանը միացրած տրանսպորտային միջոցի մոտենալիս վարորդները պարտավոր են զիջել ճանապարհը՝ դրա անխոչընդոտ անցումն ապահովելու համար։ Զիջելը վարորդի բարի կամքի դրսեւորումը չէ, այլ օրենքի պահանջ է։ Օրենքը պարտավորություններ է սահմանում նաեւ շտապօգնության վարորդի համար։ Նա պետք է համոզվի, որ ճանապարհն իրեն զիջում են, եւ ապահովի երթեւեկության անվտանգությունը։ Առավելությունը չի նշանակում անպատասխանատու սլանալու իրավունք։ Բայց այս հանգամանքը չպետք է դառնա մյուսների անտարբերությունն արդարացնելու պատրվակ։ Ճանապարհին բոլորն ունեն պարտականություններ, եւ շտապօգնության անխոչընդոտ անցումն ապահովելն ամենակարեւորն է։
Իսկ ի՞նչ է եղել իրականում. 2024 թ. նոյեմբերի 1-ից մինչեւ 2025 թ. նոյեմբերի 1-ը Երեւանում շտապօգնության մեքենաների մասնակցությամբ գրանցվել է ճանապարհատրանսպորտային 213 պատահար, դրանց հետեւանքով` մարմնական վնասվածքներ, անգամ՝ մահ։ Այդ պատահարների 73 տոկոսի մեղավոր է ճանաչվել ... շտապօգնության վարորդը։ Այս թիվն էլ չի կարելի անտեսել։ Այն հարցեր է առաջացնում ոչ միայն շտապօգնության վարորդների պատրաստվածության, այլեւ երթեւեկության կազմակերպման, հատուկ ազդանշաններով մեքենաների անվտանգության եւ վթարների իրական պատճառների վերաբերյալ։
Ճանապարհային անվտանգության ընդհանուր պատկերը մեր վարորդական մշակույթի մասին ավելի խոսուն թվեր է ներկայացնում։ 2025 թ. Հայաստանում ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով զոհվել է 283 մարդ՝ յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվով՝ 9,2 մարդ։ Ֆրանսիայում ցուցանիշը կազմել է մոտ 4,9։ Մեզ մոտ ցուցանիշը գրեթե երկու անգամ բարձր է 20 անգամ ավելի բնակչություն ունեցող երկրից։ Թվերը հստակ ահազանգ են՝ մեր ճանապարհներին մարդկային կյանքը հաճախ է դառնում անպատասխանատվության գինը։ Այս ամենը հասկանալու համար վիճակագրություն էլ պետք չէ։ Բավական է նայել, թե ինչպես ենք պահում մեզ ճանապարհին։ Ոմանք ղեկին նստում են այնպես, կարծես ճանապարհը սեփականաշնորհել են։ Նրանց համար դիմացինի իրավունքը խոչընդոտ է, հետիոտնը՝ անհարմարություն, իսկ շտապօգնության շչակը՝ իրենց անձնական անդորրը խանգարող աղմուկ։ Այդպիսի վարորդը գուցե գիտի՝ որտեղ է արգելված կանգնելը, ինչ արագությամբ կարելի է երթեւեկել, բայց մի կարեւոր բան դեռ չի յուրացրել՝ ճանապարհը միայն իր համար չէ։
Հասարակական արձագանքներում մարդիկ զայրույթ են հայտնում, ոմանք կասկածի տակ են դնում վարորդական վկայականների ստացման կարգն ու վարորդական գիտելիքների մակարդակը, մյուսները խոսում են մեր հասարակության մարդկային նկարագրի մասին։ Այդ արձագանքներում չափազանցություն էլ կա, բայց դրանց հիմքում հասկանալի ցավ ու հիասթափություն է. ինչպե՞ս կարող է մարդը չզիջել ճանապարհը մի մեքենայի, որի ներսում մեկ ուրիշի կյանքն է վտանգված։
Բայց միայն վարորդներին մեղադրելով հարցը չի լուծվի։ Անհրաժեշտ է խստացնել վերահսկողությունը, հետեւողականորեն իրազեկել վարորդներին, ուսուցման ընթացքում ավելի մեծ տեղ հատկացնել արտակարգ իրավիճակներում ճիշտ վարքագծին, իսկ խախտումների դեպքում ապահովել անխուսափելի պատասխանատվություն։ Տուգանքը կարող է զսպել, տեսախցիկը՝ արձանագրել, քննությունը՝ բացահայտել մեղավորին։ Բայց ոչ մի տուգանք չի կարող փոխարինել այն գիտակցությանը, որ ճանապարհ զիջելով դու գուցե օգնում ես մեկին ապրել։
Շտապօգնության շչակը հնչում է ոչ միայն ճանապարհ բացելու համար, այն մեզ հիշեցնում է, որ ուրիշի կյանքը մեր շտապելուց, մեր հարմարավետությունից, մեր մի քանի րոպեից անհամեմատ թանկ է։ Եթե այդ ձայնը մեզ չի ստիպում մի կողմ քաշվել, ուրեմն հարցը միայն ճանապարհային կանոնների մեջ չէ։ Այն մեր մեջ է՝ խղճի ու բարեխղճության հարցերում։
ՀԳ. Սա պարզապես կոչ չէ՝ զիջել ճանապարհը, այլ մտորում՝ ինչպիսի՞ հասարակություն ենք մենք, եթե նույնիսկ կյանքի համար շտապող մեքենայի առջեւ ճանապարհը չենք բացում։ Երբ լսում եք շտապօգնության շչակը, անմիջապես մի կողմ քաշվեք` այդ պահին ճանապարհով անցնում է մարդկային ԿՅԱՆՔԸ: Զիջե՛ք ճանապարհը, որպեսզի վաղը ստիպված չլինեք ապրել մարդասպանի խղճի խայթով: