Լյովա Շիրազի Խաչատրյան․ Սպա, ով իր կյանքը նվիրեց Հայրենիքին ու խաղաղությանը

· Լոռու Մարզ

Լյովա Շիրազի Խաչատրյան․ Սպա, ով իր կյանքը նվիրեց Հայրենիքին ու խաղաղությանը

Լյովա Շիրազի Խաչատրյանը (22.05.1991 – 02.11.2020) ՀՀ զինված ուժերի կապիտան էր, փորձառու խաղաղապահ, սակրավոր և Արցախյան երկրորդ պատերազմի անձնվեր հերոսներից մեկը։ Նրա անցած ռազմական ու մարտական ուղին հայրենասիրության, բարձր պրոֆեսիոնալիզմի և արժանապատվության վառ օրինակ է։

Կրթությունը և զինվորական ուղու սկիզբը

Լյովա Խաչատրյանը ծնվել է 1991 թվականի մայիսի 22-ին Լոռու մարզի Լեռնավան գյուղում։ Գերազանց առաջադիմությամբ ավարտելով Լեռնավանի Հովհ. Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոցը՝ 2008 թվականին ընդունվել է ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան։

Ռազմական համալսարանում ուսանելու առաջին իսկ տարում աչքի է ընկել բարձր առաջադիմությամբ։ Իտալիայի դեսպանի կողմից անցկացված հարցազրույցի արդյունքում Լյովան ճանաչվել է լավագույն ուսանող և ստացել հնարավորություն ուսումը շարունակելու Եվրոպայում։ 2009 թվականին մեկնել է Իտալիա․ երկու տարի ուսանել է Մոդենայի ռազմական ակադեմիայում, այնուհետև 3 տարի՝ Թուրինի ռազմական ակադեմիայում։

Թուրինում ուսանելու տարիներին Լյովան ձեռք է բերել բազմակողմանի պատրաստվածություն՝ դառնալով պրոֆեսիոնալ մարտիկ։ Նա աչքի է ընկել մի շարք մարզաձևերում՝ ձիավարություն, լող, ձյուդո, օդապարիկով թռիչք և վազք։

Ծառայությունը և միջազգային առաքելությունները

Ուսումն ավարտելուց հետո ստանալով «լեյտենանտի» զինվորական կոչում՝ նշանակվել է ՀՀ Վայքի զորամասի դասակի հրամանատար։ Այստեղ 1,5 տարի ծառայելուց հետո 9 ամսով գործուղվել է ԱՄՆ Չիկագոյի ռազմական ակադեմիա՝ վերապատրաստման։ Մասնակցել է նաև Գերմանիայում և Սլովակիայում անցկացվող ՆԱՏՕ-ի դասընթացներին ու կոնֆերանսներին։

  • 2016 թ․ — Ծառայության է անցել ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում։

  • 2018 թ․ — Ստացել է կապիտանի զինվորական կոչում։

  • 2019 թ․ — Որպես համագործակցության սպա մեկնել է Լիբանանի Հանրապետություն։

  • 2020 թ․ — Խաղաղապահ առաքելությամբ մեկնել է Սիրիայի Արաբական Հանրապետություն։

Արցախյան պատերազմը և նվիրումը

2020 թվականի հոկտեմբերի 3-ին կապիտան Խաչատրյանը մեկնել է ռազմաճակատ՝ մասնակցելու Արցախյան պատերազմին։ Սկզբում մարտական առաջադրանք է իրականացրել Հադրութում։ Հոկտեմբերի 27-ին կարճ ժամանակով վերադարձել է տուն, սակայն հոկտեմբերի 30-ին կրկին մեկնել է ռազմաճակատ՝ այս անգամ Մարտունի՝ մասնակցելու ինքնապաշտպանական մարտերին։

Որպես սակրավոր՝ Լյովա Խաչատրյանը նոյեմբերի 2-ին ինժեներական աշխատանքներ կատարելիս մահացու վիրավորում է ստացել թշնամու ռմբակոծության հետևանքով և հերոսաբար զոհվել։

Պարգևներ և մեդալներ

Լյովա Խաչատրյանի ծառայությունն ու սխրանքը բարձր են գնահատվել ինչպես Հայաստանում, այնպես էլ միջազգային ասպարեզում․

  • «Անբասիր ծառայության համար» I աստիճանի մեդալ

  • «Սիրիայի Արաբական Հանրապետությունում խաղաղարար առաքելությանը մասնակցելու համար» մեդալ

  • «Միջազգային ահաբեկչության դեմ պայքարում ունեցած ավանդի համար» մեդալ

  • «IN THE SERVICE OF PEACE» մեդալ

  • Հետմահու՝ «Մարտական ծառայության» մեդալ

Լյովա Խաչատրյանի հիշատակը, նրա անցած պատվաբեր ուղին և հայրենիքին մատուցած ծառայությունները հավերժ կմնան մեր պատմության մեջ։