Սպիտակում շուտով ընտրություններ են. Դեռ ինչքան են շարունակվելու ծեծուջարդի պատմությունները

· Սպիտակ

Սպիտակում շուտով ընտրություններ են. Դեռ ինչքան են շարունակվելու ծեծուջարդի պատմությունները

ArmLur.am-ը արդեն անդրադարձել է մի քանի համայնքների, որտեղ կայանալու են նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրությունները: Սպիտակ համայնքի թեկնածուներից հայտնի է Սպիտակի համայնքապետ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և Սպիտակ համայնքի ավագանու համանուն խմբակցության անդամ Քաջայր Նիկողոսյանը, որը ղեկավարում է 2021 թվականից: Բազում սկանդալների մեջ ընկած Նիկողոսյանը ցանկանում է շարունակել իր գործունեությունը: Սպիտակի բնակիչների համար անհասկանալի է, թե դեռ ինչքան են շարունակվելու անարդարությունն ու անխորժ դեպքերը:

Ինչպես գրել էր «Ժողովուրդ» օրաթերթը՝ Նիկողոսյանը որդու հետ միասին պարբերաբար հայտնվում է սկանդալների մեջ: 2025 թվականին Քարաձոր բնակավայրի բնակիչ Գագիկ Էմինյանը մեղադել էր քաղաքապետին համայնքապետարանի միջանցքում իրեն ծեծելու և հայհոյելու համար։ Երեք տարի առաջ նմանատիպ միջադեպ էր եղել Սարամեջ գյուղում, որտեղ քաղաքապետի որդին իր կողմնակիցների հետ ծեծել էր վարչական ղեկավար Թամարա Մինասյանի ամուսնուն:

2026 թվականի օգոստոսին Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը պաշտոնապես արձանագրել է, որ Սպիտակի համայնքապետը խախտել է հանրային պաշտոն զբաղեցնող անձանց վարքագծի կանոնները։ Նա լրագրողի հետ հաղորդակցվելիս դրսևորել էր ոչ պատշաճ վարքագիծ՝ հայտարարելով. «Դուք էն մարդը չեք, որ Ձեզ բան ասեմ»։

ArmLur.am-ի տվյալներով Նիկողոսյանի 2025 թվականի հայտարարագրում առկա է 6 անշարժ գույք: Տարվա ընթացքում նրա հայտարարագրված եկամուտը կազմել է 7.87 մլն դրամ:

Մեկ այլ առանցքային հարց էլ վերաբերում է քաղաքական հովանավորչությանը և պաշտոնեական լիազորությունների չարաշահմանը: Հոկտեմբերի 22-ի Ֆակտոր TV-ի հրապարակման համաձայն՝ Քաջայր Նիկողոսյանը համայնքային ենթակայության հիմնարկի տնօրեն է նշանակել սխալ պատասխաններ տված թեկնածուի։
ՀՀ վարչապետի անունով ներկայացված դիմումը վկայում է, որ Քաջայր Նիկողոսյանը՝ շահադիտական նպատակներով չարաշահել է իր լիազորությունները, քաղաքական կողմնակալություն է ցուցաբերել վարչական պաշտոնյայի նշանակման հարցում, իսկ Լոռու մարզպետը և ԿԸՀ նախագահը, նրան ճնշման են ենթարկել, ինչը և պաշտոնական դիրքի չարաշահում է և կարող է ընկալվել, որպես ընտրական իրավունքի խոչընդոտում։

Հայտնի է նաև, որ իր թեկնածությունն են դրել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը և հանրությանը անծանոթ «Բարոյական արժեքներ» կուսակցությունը: Երկու կուսակցություններն էլ կոնկրետ թեկնածու չեն հայտնել: «Բարոյական արժեքներ» կուսակցության նախագահ Սիմոն Պետրոսյանը նույնիսկ սոցցանցում էր հայտնել Քաղաքացիական պայմանագիր կուսակցության բարոյական արժեքների աջակցության մասին: Նա հայտնել է որ, ունեն որոշակի անհամաձայնություններ գործող իշխանությունների հետ, բայց միևնույն ժամանակ չեն կարող չգնահատել այն դրականը, որը տեղի է ունեցել գործող իշխանությունների կառավարման ութ տարիների ընթացքում: Պետրոսյանը նշել է, որ պատրաստ է քննադատել իշխանություններին նույնիսկ բարձր պաշտոնից՝ եթե դրա կարիքը կա:

Բնականաբար մարդկանց համար անհասկանալի է, թե դեռ ինչքան են շարունակվելու Սպիտակի համայնքապետի անախորժ դեպքեր: Ով կընտրվի այս անգամ, և արդյոք այսքանից հետո պաշտոնը կստանձնի կրկին Քաջայր Նիկողոսյանը: