ՀԿ-ները պահանջում են պահպանել համայնքների ազդեցությունը հանքարդյունաբերական ծրագրերի վրա

· Լոռու Մարզ

ՀԿ-ները պահանջում են պահպանել համայնքների ազդեցությունը հանքարդյունաբերական ծրագրերի վրա

Civilnet.am-ը գրում է․

Հայաստանի քաղաքացիական հասարակության 105 ներկայացուցիչ պահանջում է հետ կանչել օրենսդրական նախագիծը, որով առաջարկվում է թույլ տալ հանքարդյունաբերական ծրագրերի բնապահպանական փորձաքննությունն անցկացնել նաև համայնքի ավագանու անհամաձայնության դեպքում։ Նրանց գնահատմամբ՝ փոփոխությունը կթուլացնի համայնքների ազդեցությունը հանքարդյունաբերության վերաբերյալ որոշումների կայացման վրա։

Խոսքը Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության՝ հոկտեմբերի 14-ին հանրային քննարկման ներկայացրած օրենսդրական փաթեթի մասին է։

Նախագծով առաջարկվում է, որ համայնքի ավագանու նախնական անհամաձայնությունն այլևս հիմք չլինի բնապահպանական փորձաքննության ներկայացված փաստաթղթերի ընդունումը մերժելու, փորձաքննությունը չսկսելու կամ այն դադարեցնելու համար։

Փոխարենը՝ համայնքի անհամաձայնության պատճառները պետք է ուսումնասիրվեն փորձաքննության ընթացքում։ Դրանց հիմնավորվածության վերաբերյալ վերջնական դիրքորոշումը պետք է հայտնի պետական լիազոր մարմինը։

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գնահատմամբ՝ այս փոփոխությամբ համայնքների մասնակցությունը բնապահպանական որոշումների կայացմանը կդառնա ձևական, իսկ որոշիչ լիազորությունները կկենտրոնանան պետական մարմինների ձեռքում։

«Սույն օրենսդրական փոփոխությամբ Հայաստանի Հանրապետության համայնքների մասնակցությունը շրջակա միջավայրին և ընդերքօգտագործման ոլորտներին վերաբերող որոշումների կայացման գործընթացներում դառնում է խիստ սիմվոլիկ և ձևական, իսկ իրական որոշումների կայացումը վերապահվում է լիազոր մարմիններին և գործադիր իշխանությանը»,- ասված է հայտարարությունում։

Ստորագրողները շեշտում են, որ հանքարդյունաբերական գործունեության հնարավոր բացասական հետևանքներն անմիջականորեն կրում են համայնքների բնակիչները։ Ըստ նրանց՝ նման ծրագրերը կարող են երկարաժամկետ ազդեցություն ունենալ մարդկանց առողջության, ջրային ռեսուրսների, հողերի, գյուղատնտեսության և կենսաբազմազանության վրա։

Հայտարարության հեղինակները պնդում են նաև, որ փոփոխությունները հակասում են Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորություններին։ Նրանք մասնավորապես մատնանշում են Օրհուսի կոնվենցիայով նախատեսված՝ բնապահպանական որոշումների կայացմանը հանրության մասնակցության իրավունքը։ Մտահոգություններ են հայտնում նաև Կունմին-Մոնրեալի կենսաբազմազանության գլոբալ շրջանակի նպատակների և Հայաստան–ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի դրույթների իրականացման վերաբերյալ։

Ստորագրողները Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից պահանջում են շրջանառությունից հանել օրենսդրական փաթեթը։

Նրանք նաև կառավարությունից պահանջում են ուսումնասիրել նախագծի մշակման և առաջմղման շարժառիթները, ինչպես նաև պատասխանատու պաշտոնյաների՝ ընդերքօգտագործման բիզնեսի նկատմամբ ենթադրյալ կողմնակալության հիմքերը։

Բացի այդ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Շրջակա միջավայրի նախարարությանն առաջարկում են հանրության մասնակցությամբ մշակել նոր օրենսդրական փոփոխություններ՝ բնապահպանական որոշումների կայացմանը քաղաքացիների մասնակցությունն ընդլայնելու համար։ Նրանք պահանջում են նաև ներդնել համայնքների բնակիչների անմիջական մասնակցությունն ապահովող լրացուցիչ մեխանիզմներ։

Հայտարարությունը ստորագրել են, մասնավորապես, «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի», Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, «ԷկոԼուրի», «Իրազեկ քաղաքացիների միավորման», Երևանի մամուլի ակումբի և այլ կազմակերպությունների ու նախաձեռնությունների ներկայացուցիչներ։

Գործող կարգավորմամբ՝ համայնքի ավագանին բնապահպանական հանրային լսումներից հետո կարող է նախնական համաձայնություն կամ անհամաձայնություն հայտնել նախատեսվող գործունեության վերաբերյալ։ Նախնական անհամաձայնությունը ներկայում խոչընդոտում է փորձաքննության գործընթացի մեկնարկին։

Նախարարության առաջարկած փոփոխությամբ նախաձեռնողը կկարողանա փաստաթղթերը ներկայացնել պետական փորձաքննության՝ անկախ ավագանու նախնական անհամաձայնությունից։

Միաժամանակ նախագիծը նախատեսում է, որ լիազոր մարմինը պարտավոր է ուսումնասիրել ավագանու առարկությունները, հանրային լսումների արդյունքները և քաղաքացիների ներկայացրած դիտողությունները։

Եթե ավագանու անհամաձայնության պատճառները փորձաքննության չափանիշներով հիմնավոր ճանաչվեն, պետք է տրվի բացասական եզրակացություն։ Իսկ եթե դրանք բավարար չհամարվեն կամ նշված ռիսկերը հնարավոր լինի կանխել կամ նվազեցնել, լիազոր մարմինը կարող է դրական եզրակացություն տալ՝ պարտադիր հիմնավորելով իր որոշումը։

Նախարարությունը նախագծի հիմնավորման մեջ նշում է, որ գործող օրենսդրությամբ հստակ կարգավորված չէ, թե ինչպես պետք է շարունակվի փորձաքննությունը համայնքի ավագանու նախնական անհամաձայնության դեպքում։ Առաջարկվող փոփոխության նպատակը, ըստ նախարարության, այդ գործընթացի համար հստակ և կանխատեսելի ընթացակարգ սահմանելն է։

Փաթեթով առաջարկվում է նաև բնապահպանական պետական փորձաքննությունից ազատել օգտակար հանածոների պաշարների այն վերագնահատումները, որոնք կատարվում են բացառապես առկա երկրաբանական տվյալների հիման վրա՝ առանց տեղում դաշտային աշխատանքների։

Նախագիծը հոկտեմբերի 14-ից հրապարակված է e-draft.am հարթակում։ Հանրային քննարկումը նախատեսված է մինչև հոկտեմբերի 30-ը։ Օրենսդրական փոփոխությունները դեռ ընդունված չեն։