«Ինչպես ՏԻՄ, այնպես էլ համապետական ընտրություններում մենք տեսանք անփոփոխ ձեռագիր՝ քրեական գործիքակազմ, պատվիրված գործեր, վարչական ռեսուրսի անխնա կիրառում, ըստ էության, ահաբեկման մթնոլորտ». Մարիաննա Ղահրամանյան

· Լոռու Մարզ

«Ինչպես ՏԻՄ, այնպես էլ համապետական ընտրություններում մենք տեսանք անփոփոխ ձեռագիր՝ քրեական գործիքակազմ, պատվիրված գործեր, վարչական ռեսուրսի անխնա կիրառում, ըստ էության, ահաբեկման մթնոլորտ». Մարիաննա Ղահրամանյան

ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում պատասխանելով լրագրողի հարցին, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե իշխանություններին անհրաժեշտ է պետականամետ ընդդիմություն, բայց ներկա ընդդիմությունը գործակալներ են, որ կալուգական ընդդիմություն այլեւս չի լինելու, որ մեզ պետք է երիտասարդ, կառուցողական ընդդիմություն, որը կկարողանա վերահսկել իշխանության քայլերը, «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Մարիաննա Ղահրամանյանն ասաց. «Այն էպիտետները, որոնք դուք ներկայացրիք, իհարկե, ես չեմ մեկնաբանի, որովհետեւ մենք խոսում ենք մի մարդու մասին, որը Թուրքիայի նախագահի նկարով գիրքը կրծքին նկարվելով հպարտանում էր։ Եվ ուզում եմ հիշեցնել՝ մենք խոսում ենք նույն մարդու մասին, որը 44-օրյա պատերազմի օրերին հայտարարում էր, որ Թուրքիան վերադառնում է տարածաշրջան մեզ ցեղասպանելու համար։ Սա ի արձագանք ձեր մեջբերմանը։ Ես նրա հայտարարությունը չեմ լսել, որովհետեւ Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստ ունեինք։ Բայց մի բան կրկին կվերահաստատեմ։ Այն ամենը, ինչ մենք տեսանք այս ՏԻՄ ընտրություններում, կրկնում եմ, վերահաստատում է Հայաստանում ժողովրդավարության աղետալի վիճակը։ Եվ երբ ձեր հիշատակած անձը խոսում է պետականամետ լինելու մասին, ես հորդորում եմ՝ հետ դառնալ, անցնող ութ տարիների Հայաստանի կորուստները հաշվել։ Ի դեպ, ես առիթ ունեցա արտգործնախարար Արարատ Միրզոյանին հատ-հատ թվարկել։ Եկեք այդ ամենը անելուց հետո նոր հարցադրում հնչեցնենք՝ ընդդիմությո՞ւնն է պետականամետ, թե՞ իշխանությունը»։ Խոսելով ընտրական օրենսգրքում փոփոխությունների մասին, որի համաձայն Հայաստանում վեց ամսից պակաս բնակվողները ընտրություններին մասնակցելու իրավունք չունեն, տիկին Ղահրամանյանը ներկայացրեց, թե դրանք ինչպես են ազդել ընտրությունների վրա ու արդյունքները, որ մենք տեսանք, արտացոլո՞ւմ են իրական պատկերը։ «Ես քիչ առաջ գնահատում էի այս իրավիճակը։ Այո, կրկնեմ. այսօր ժողովրդավարության շատ ցավալի եւ անկումային վիճակում ենք։ Եվ դրա դրսեւորումներից մեկը նաեւ ընտրական գործընթացն է։ Ինչպես ՏԻՄ, այնպես էլ համապետական ընտրություններում մենք տեսանք անփոփոխ ձեռագիր՝ քրեական գործիքակազմ, պատվիրված գործեր, վարչական ռեսուրսի անխնա կիրառում, ըստ էության, ահաբեկման մթնոլորտ եւ գերկենտրոնացում ընդդիմադիր ուժերից հատկապես մեկի նկատմամբ։ Կրկնում եմ, սա մի բանի մասին է խոսում։ Իշխանությունը հասկանում է, որ Հայաստանի քաղաքական դաշտում հայտնվել է ուժ, որն ունակ է իրավիճակ փոխել։ Եվ հետեւաբար, նրա թիրախում «Ուժեղ Հայաստանն» է։ Ու պատահական չէ, որ Ստեփանավանում ընտրություններից 2-3 օր առաջ մեր թեկնածուն կալանավորվում է։ Այս ձեռագիրը անփոփոխ է, այս ձեռագիրը ծանոթ է։ Հիշենք Վանաձորի ընտրությունների հետ կապված Մամիկոն Ասլանյանի հետ կատարվածը։ Եթե հետ գնանք, ՏԻՄ-երով անցնենք, կտեսնենք նույն Ալավերդիում ինչ տեղի ունեցավ եւ այդպես շարունակ։ Այնպես որ, այս շղթան շարունակվում է։ Եվ ես կարող եմ ասել, որ Հայաստանում ժողովրդավարության ճգնաժամ է։ Սրան գումարած, այն լայն հետապնդումների ալիքը, որի միջից մենք չենք կարողանում դուրս գալ»։