Ո՞ր համայնքներում կլինեն հաջորդ ՏԻՄ ընտրությունները. Սկսել է մասնակից ուժերի գրանցումը
Հաջորդ ՏԻՄ ընտրությունները նախատեսված են նոյեմբերի 29-ին։ Այդ օրը համամասնական ընտրակարագով ավագանի կընտրեն Արագածոտնի մարզի Աշտարակ և Ապարան, Արմավիրի մարզի Մեծամոր և Բաղրամյան, Գեղարքունիքի մարզի Սևան, Լոռու մարզի Սպիտակ, Շիրակի մարզի Աշոցք և Ամասիա, Սյունիքի մարզի Կապան, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքներում։
Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվելու էհոկտեմբերի 25-ից մինչև հոկտեմբերի 30-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Հիշեցնենք, որ կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողով կարող էին ներկայացվել՝ հոկտեմբերի 15-ից մինչև հոկտեմբերի 25-ը՝ մինչև ժամը 18:00-ն:
Յուրաքանչյուր ոք իրավունք ունի մինչև նոյեմբերի 17-ը ընտրողների ցուցակներում տեղ գտած անճշտությունները (այդ թվում` դիմողի անձին չվերաբերող) վերացնելու մասին դիմում ներկայացնել՝ Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության միգրացիայի և քաղաքացիության ծառայություն կամ համապատասխան տարածքային անձնագրային ծառայություն:
Ընտրողներն իրենց ընտրական տեղամասի համարի և տեղամասային կենտրոնի հասցեի, իսկ տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողները նաև մատչելի ընտրական տեղամասերի վերաբերյալ տեղեկատվությունները կարող են ստանալ 2026 թվականի հոկտեմբերի 20-ից՝
ընտրողների ցուցակներից, որոնք տեղադրված կլինեն Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության համացանցային կայքում (mia.gov.am) և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում (www.elections.am),
տեղաշարժման (հենաշարժական) դժվարություններ ունեցող ընտրողների համար մատչելի ընտրական տեղամասերի ցանկից, որը տեղադրված կլինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում,
համամասնական ընտրակարգով անցկացվող համայնքների ընտրողների ռեգիստրից, որը որոնման հնարավորությամբ, տեղադրված կլինի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքում: